«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Համավարակի ազդեցությունը տնտեսության վրա

Armenpress 21:49, 18 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի  ազդեցությունը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար: Այդ առումով ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները: Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ Մասնավորապես, խոսելով երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար ձեռնարկվող քայլերի մասին, նա նշել է. «Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախսերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը: Որպես ծախսերի մեծացման հնարավոր աղբյուր կարող է դիտարկվել նաեւ փողի էմիսիան՝ որպես սահմանային մեծություն դիտարկելով միջազգային պահուստների փաստացի մեծությունը: ՀՀ կառավարությունն արդեն իսկ գործադրել է միջոցառումների մի շարք փաթեթներ, որոնցից են նաեւ նորարարական դրամաշնորհնեըը, որոնք, ցանկալի կլիներ ավելի ընդլայնել: Առանձին դեպքերում նպատակահարմար է ըստ տնտեսության ոլորտների առանձնահատկությունների դիտարկել ոչ սովորական լուծումներ: Օրինակ, շինարարության անկման հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել 2 հերթափոխով աշխատանքը, ինչով նաեւ որոշակիորեն կլուծվի, մասնավորապես, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց զբաղվածության հարցը: Մարզերում սոցիալական աշխատանքների ծավալների ընդլայնումը կարող է նշանակալիորեն թեթեւացնել ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնվածների կամ մինչեւ այդ գործազուրկ մարդկանց կենսապահովման խնդիրը: Այս մասով, աշխատուժի պահանջարկը նույնիսկ պետք է գերազանցի նրա առաջարկին: Մյուս կարեւոր խնդիրը, որը հարյուրհազարավոր մարդկանց համար կենսական է, գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրն է. գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածներին հնարավորինս պետք է ազատել դժվարությամբ ստեղծված բարիքի իրացման հոգսերից»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am