Կառավարությունը կօժանդակի արտադրության և ծառայությունների ոլորտների բիզնես նախաձեռնություններին

Armenpress 18:39, 18 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը:

Մասնավորապես, ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երևանից դուրս արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Օժանդակությունը ցուցաբերվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման արդյունքներով միջոցառումն արժանացել է հավանության: Այն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունքներին և հետագա քայլերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am