Հայաստանի սոխակը

Armenpress 11:21, 17 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այնտեղ, որտեղ երգում է Գոհար Գասպարյանը, բացվում են ծաղիկները»

Ես հպարտ եմ, որ հայ եմ...

Գոհար ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Մի օպերային համերգից հետո Ավետիք Իսահակյանը մոտեցել է գլխավոր մենակատարուհուն եւ հարցրել. «Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզանից»։ Երբ երգչուհին սկսել է ծիծաղել, Ավ. Իսահակյանը շարունակել է. «Լավ, այսուհետ քո անունը կլինի «Հայաստանի սոխակ»։

«Հայաստանի սոխակ»՝ Գոհար Գասպարյան, հայ նշանավոր օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ստալինյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ 20—րդ դարի խոշորագույն հայ օպերային երգչուհին օտար բեմահարթակներում շատ անգամներ է իր ձայնով աշխարհին ճանաչելի դարձրել Հայաստանը։ Ճապոնիայում հյուրախաղերի ժամանակ, երբ հայ երգչուհին կատարել է Կոմիտասի «Ծիծեռնակ» ստեղծագործությունը, նրանից խնդրել են երգի նոտաներն ու բառերը։ Երգչուհու երկրորդ այցի ժամանակ ճապոնական երգչախումբը հայերեն կատարել է Կոմիտասի այդ ստեղծագործությունը։

…Արեւելք, մահմեդական միջավայր, որտեղ ամեն ինչ քողարկվել է կրոնի եւ չադրայի ներսում, հանկարծ հայտնվել է ազգությամբ հայ երիտասարդ երգչուհի, ում ձայնը չի ճանաչել ազգություն ու սահմաններ եւ ով թովիչ ձայնով իր ծննդավայր Կահիրեից լսելի է դարձել ամբողջ աշխարհին։ Իտալացի հեղինակավոր վարպետներից ստանալով դասական երաժշտական կրթություն՝ արժանացել է շատերի հիացմունքին, ավելի հաճախ զարմանքի՝ որտեղի՞ց բնությանն այսպիսի ձայն։

Շատ շուտով Գոհար Գասպարյանի անզուգական ձայնը լսելի է դարձել բազմաթիվ օպերային համերգների ժամանակ՝ ելույթներ ունենալով երգարվեստի հանրաճանաչ վարպետների հետ։ Ամենահեղինակավոր ամսագրերում նրա ձայնը որակել են «չտեսնված հրաշք»։ Սակայն արվեստագետի ճանապարհը կանխորոշված էր հայրենիքում՝ 1948 թ. օպերային երգչուհին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Երկար ժամանակ չի պահանջվել, որպեսզի Գոհար Գասպարյանի ձայնը հնչի Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմից։ Մեկը մյուսի հետեւից գլխավոր կերպարների մենակատարուհի՝ Անուշ («Անուշ»), Շուշան («Դավիթ Բեկ»), Ռոզինա («Սեւիլյան սափրիչ»), Կարինե («Լեբլեբիջի»), Օլիմպիա («Արշակ II»), Մարգարիտ («Ֆաուստ»), Լյուչիա («Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա («Նորմա»), որտեղ  յուրաքանչուր երաժշտական դերակատարում առանձնացել է իր հմայքով, ձայնի յուրօրինակ խաղով, չտեսնված գունեղությամբ, հուզական, նուրբ ու փափուկ հնչերանգով։

«Երգում է Գոհար Գասպարյանը. 1950—ականներին եւ հետագայում այս խոսքերը շատ բան էին նշանակում եւ հասկանալի էին օպերային արվեստին ծանոթ խորհրդային ցանկացած մարդու»,–Հայաստանի Հանրապետությունում ՌԴ առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի խոսքերն են։

«Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»,–«Հայաստանի սոխակը» չսխալվեց իր խոսքերում։ Հայ հոգեւոր երաժշտության, Կոմիտասի հոգեշունչ երգերի, իտալական եւ աշխարհահռչակ օպերային գործերի մեներգչուհու ձայնը հնչել է աշխարհի քարտեզի ամենատարբեր վայրերից։ «Մինչեւ Գոհար Գասպարյանը մեր երկրում չգիտեին, թե ինչ է կոլորատուրային սոպրանոն»,–անկեղծացել է ռուս անվանի երգչուհի Իրինա Արխիպովան։ Իսկ ահա Ճապոնիայում, որպես հայ երգչուհու հյուրախաղերի «ազդագրեր», երեկոյան ժամերին լուսարձակվել են նեոնային ծաղիկները յուրատիպ գրություններով. «Այնտեղ, որտեղ երգում է Գոհար Գասպարյանը, բացվում են ծաղիկները»։

Գոհար Գասպարյանի հոգեկից ընկերը, ամուսինը եղել է հայ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լեւոնյանը։ Նրանք երկուսով անցել են երաժշտական եւ ընտանեկան միահյուսված ճանապարհ…

…Այսօր Գոհար Գասպարյանի մահվան տարելիցի օրն է։ 2007 թ. մայիսի 16—ին հայ օպերայի սոխակը կնքել է իր մահկանացուն։ Աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ «Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական։ Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր ե՛ւ իրեն, ե՛ւ իր ժողովրդին»,–ասել է Մարտիրոս Սարյանը։

 

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am