Եկեք այդ խորովածի երեսը չվառենք, մեջն էլ հում չթողնենք․ վարչապետը խոսեց դատավորների վեթինգի մասին

Armenpress 18:25, 16 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ձևավորվում են դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմներ, և պետք է ամեն ինչ անել, որ այդ ձեւավորումը տեղի ունենա պատշաճ մակարդակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ դատաիրավական համակարգը կբարեփոխվի աստիճաբանար։

«Հիմա կա Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, այդ օրենքը դատավորների, վարչապետների, նախարարների վրա էլ է տարածվում։ Հիմա պատկերացրեք որևէ դատավորի ապօրինի ձեռքբերված գույք առգրավվի, պարզ չի՞, որ այդ դատավորն էլ չի կարող աշխատել, որովհետեւ առնվազն բարոյական իրավունքը կկորցնի»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ խոսակցության նորությունն այն էր, որ այն երկրներում, որտեղ դատավորների ամենաարմատական վեթինգն են կիրառել, տևել է 4-5 տարի:

«Ժողովուրդ ջան, եկեք այդ խորովածի երեսը չվառենք, մեջն էլ հում չթողնենք»,- ասաց Փաշինյանը՝ որպես օրինակ հիշատակելով բարձր կրակի վրա արագ ավարտելու համար խորոված պատրաստելու ավանդույթը, երբ միսը հում է մնում, սակայն երեսն այրվում է:

Մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկել էր դատավորների վեթինգի իրականացման գործընթացը և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am