Անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Երուսաղեմի ծայրամասերի բնակիչները

Armenpress 14:08, 16 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեյթ Շեմեշի ծայրամասում հզոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել են բնակիչները: Կրակի մարմանը մասնակցում է հրշեջ ավիացիան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում են ոստիկանության և հրշեջ անվտանգության մամուլի ծառայությունից:

«Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները Բեյթ Շեմեշում պայքարում են կրակի դեմ: Որոշ տների բնակիչներ տարհանվել են»,-ասվում է Իսրայելի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Երուսաղեմի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրշեջ ջոկատները փորձում են կանխել կրակի տարածումը Բեյթ Շեմեշի մոտակայքում՝ նախագահական անտառային տարածքում, որտեղ բռնկումները սպառնում են բնակելի շենքերին:

Օգնության են հասել նաև հարևան շրջանների ստորաբաժանումները: Ներկայիս փուլում «Էլադ» հրշեջ ավիացիայի ջոկատն աջակցում է հրդեհի մարմանը օդից:

Հրդեհների տարածման պատճառ է դարձել չափազանց շոգ եղանակը: Երուսաղեմում շաբաթ օրը օդի ջերմաստիճանը հասել է 40-ի:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am