1000х90.jpg (78 KB)

Փաշինյանի կարծիքով՝ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ

Armenpress 13:52, 16 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է ակնկալել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու համար լավագույն ժամանակաշրջանը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց առցանց ասուլիսում՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կլինի հստակություն ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձնաժողովը կքննարկի հարցը: «Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են: Այս պահին, ցավոք սրտի, որևէ կոնկրետ բան ասել չեմ կարող: Բայց պետք է արձանագրենք, որ նաև էներգակիրների շուկաների փլուզման պայմաններում և նավթի գների անկման, փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք ակնկալել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ՝ մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամը և դրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ կշարունակեն աշխատել գործընկերների հետ:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագների վերանայման հայտ է ներակայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am