Հայկական կողմի արձագանքը Ադրբեջանի սադրիչ զորավարժություններին

Armenpress 15:00, 15 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում մայիսի 18-22-ը  կանցկացվեն լայնածավալ ռազմական զորավարժություններ՝ մինչև 10 հազար զինծառայողի մասնակցությամբ, շուրջ 120 միավոր հրետանու և զրահատեխնիկայի, 200 միավոր հրթիռահրետանային համալիրների, 30 միավոր ավիացիայի և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժությունների ընթացքում կմշակվեն տարբեր զորատեսակների մարտական պատրաստությունը, գործողությունների պլանավորումը և ապահովումը, փոխգործողությունը, կստուգվեն հարվածային խմբավորումների մանևրային և կրակային հնարավորությունները:

Ադրբեջանական կողմի այս քայլին ի պատասխան Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նախազգուշացրեց, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։ Չնայած Ադրբեջանի կողմից նման լայնածավալ զորավարժություններ անցկացվել են նաև նախկինում, Հայկական կողմի արձագանքը բավական կոշտ էր, ինչը պայմանավորված էր մի շարք գործոններով։

Առաջին գործոնը կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված նոր իրավիճակն է։ Համավարակն իր ազդեցությունն է ունեցել նաև Ղարաղյան հիմնախնդրի խաղաղ գործընթացի վրա։ Մասնավորապես, մարտի 19-ին հայտարարվեց, որ «COVID-19»-ով և տարածաշրջանում առկա տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգները, ինչն աննախադեպ է։  Նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ՝ կողմերին կոչ անելով հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում: Մարտի 24-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես եկավ գլոբալ հրադադար հայտարարելու կոչով՝ ընդգծելով, որ «ժամանակն է զինված բախումները դնել մի կողմ և միասին կենտրոնանալ հանուն կյանքի իրական պայքարի վրա` Covid-19 համաճարակի դեմ»։ Նույն օրը Հայաստանի ԱԳՆ, իսկ մարտի 25-ին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություններ տարածեցին՝ աջակցություն հայտնելով ՄԱԳ գլխավոր քարտողարի՝ գլոբալ հրադադարի կոչին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն ոչ միայն անարձագանք թողեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչը, այլ սկսեց ձեռնարկել տարաբնույթ սադրանքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հետ սահմաններին: Մարտի 27-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի գնդակից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող: Մարտի 30-ին Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև թիրախավորել էր Բաղանիս և Ոսկևան գյուղերը: Այս սադրանքի արդյունքում վիրավորվել էր ստացել երկու զինծառայող և Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա: Ապրիլի 21-ին Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն խոցել են Արցախի օդային տարածք մուտք գործած ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարք: Ապրիլի 29-ի Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ  ադրբեջանական կողմը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր (2019թ. հունիսից ի վեր ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է): Մայիսի 13-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ:

Փաստացի Ադրբեջանն ամեն կերպ արհամարհում է COVID 19 համավարակի պայմաններում հրադադարի պահպանման մասին թե' ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, թե' ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը, և գնում է սահմանային լարվածության մեծացման, ինչը, համարժեք արձագանքի կամ պատասխանի բացակայության դեպքում, կարող է հանգեցնել նոր էսկալացիայի:

Երկրորդ գործոնը հենց զորավարժությունների բնույթն է: Զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ: Ավելին, նախատեսված խոշորամասշտաբ զորավարժությունը տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը 2011թ. ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է: Ներկայիս համավարակի պայմաններում նման լայնածավալ զորավարժության անցկացումը` միջազգային նորմերի խախտմամբ, բացահայտ սադրանք է Բաքվի կողմից, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության մեծացմանը և հետապնդում է հստակ նպատակներ: Այս առումով բավական կարևոր էր այն, որ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ կար նաև ուղերձ հասցեագրված միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համար:

Երրորդ գործոնը, որը պատճառ է դարձել հայկական կողմի կոշտ արձագանքի համար, Ադրբեջանում նկատվող անկայունությունն է, ինչը կարող է ստեղծել ռիսկեր նաև սահմաններին: Վերջին ամիսներին նավթի գների աննախադեպ անկումը բավական լուրջ վնաս են պատճառում Ադրբեջանի տնտեսությանը, և երկրի բյուջեն փաստացի զրկվել է իր մուտքերի մի զգալի մասից: Բացի այդ, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, սահմանված արտակարգ դրությունն առաջ են բերել բավական լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ` ստիպելով մեծացնել պետությանը կողմից սոցիալական բնույթի հատկացումները: Այս ամենը, ինչպես և կարելի էր կանխատեսել, Ադրբեջանում հանգեցրել են սոցիալական դժգոհության աճի և թերևս պատահական չէ, որ իշխանությունները լուրջ հետապնդումներ են սկսել ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ինչի վերաբերյալ ահազանգում են անգամ եվրոպական կառույցները: Թեև կորոնավիրուսի համավարակն ընդհանուր առմամբ նվազեցրել է հնարավոր նոր էսկալացիաների հավանականությունը, այնուամենայնիվ, Ադրբեջանում սոցիալ-տնտեսական պայմանների հետագա վատթարացումը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ սահմանային լարվածության հրահրումը Ալիևը դիտարկի որպես հանրային ուշադրության շեղման, հանրության կոնսոլիդացման տարբերակ, ինչին նախկինում մի քանի անգամ ականատես ենք եղել: Առավել ևս վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններով, Ադրբեջանի ՊՆ` հայկական կողմից ուղղված մեղադրանքներում նկատելի է ադրբեջանական հնարավոր սադրանքների համար հիմքեր ստեղծելու միտումներ:

Այսպիսով, կարող ենք նշել, որ Ադրբեջանում նախատեսվող լայնածավալ զորավարժությունների վերաբերյալ ՀՀ ՊՆ կոշտ հայտարարությունն առավել քան հիմնավոր է և պարունակում է մի շարք կարևոր շեշտադրումներ, որոնք ունեն զսպող նշանակություն: Այն միևնույն ժամանակ վկայում է հայկական կողմի բարձր զգոնության, հնարավոր ռիսկերի ճիշտ հաշվարկի կարողության և դրանց չեզոքացման հնարավորության մասին:

Նարեկ Մինասյան   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am