1000х90.jpg (78 KB)

Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. ՄԱՍ 1

Armenpress 11:05, 15 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավոտյան զանգահարում ես Արսեն Թորոսյանի ու Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակներին, որպեսզի հետաքրքրվես նրանց թեստի արդյունքներով ու առողջական վիճակով, իսկ մի քանի ժամ անց խոսնակները քեզ առողջություն ու շուտափույթ ապաքինում են մաղթում կորոնավիրուսից։ Ահա այսպես սկսվեց և ավարտվեց առաջին օրը, երբ տեղեկացրին, որ նմուշառումը, որը վերցրել են, դրական արդյունք ունի և ինձ մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել։

Կորոնավիրուսի մասին, ինչպես և մյուս գործընկերներս, այս ընթացքում շատ եմ գրել։ Սկսել եմ գրել 2020 թվականի սկզբից, երբ վիրուսը դեռ Չինաստանում էր, հետո հասավ Ասիական այլ երկրներ, Եվրոպա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, համաճարակից վերածվեց համավարակի ու չշրջանցեց նաև Հայաստանը։ Վարակի առնչությամբ վերջին լուրը գրել եմ մայիսի 14-ին, ժամը 18։50-ին, իսկ արդեն 20։40-ից մամուլը սկսեց գրել այն մասին, որ լրագրող Նորայր Շողիկյանը վարակվել է կորոնավիրուսով։

Ամեն ինչ սկսվեց չոր հազով, թուլությամբ ու ջերմության բարձրացումով։ Այդ ժամանակ ռենտգեն հետազոտությունը ցույց տվեց, որ թոքերումս որևէ անհանգստանալու առիթ չկա, սակայն 4-5 օր անց հիվանդությունն ավելի խորացավ ու վարակը հաստատվելուց 2 օր առաջ նկատեցի, որ հոտի զգացողությունս կորցրել եմ։ Հիմա դժվար է առանց հոտերի ապրելը, անընդհատ ցանկանում ես ինչ-որ հաճելի բույր զգալ...

Մայիսի 14-ի երեկոյան զանգահարեցին, ասացին, որ պարետատնից է, տեղեկացրին, որ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է։ Խնդրեցին պատրաստվել, վերցնել հիգիենայի պարագաներ ու սպասել շտապօգնության մեքենային, որն էլ ինձ պետք է տեղափոխեր հիվանդանոց։

Սոցիալական ցանցի իմ էջում հայտնեցի կատարվածի մասին ու սկսվեց զանգերի, հաղորդագրությունների, մեկնաբանությունների, ջերմ խոսքերի ու ապաքինման մաղթանքների տեղատարափ, որը մինչ այս պահը չի ավարտվում։ Պարետատան զանգից քիչ անց ինձ հետ կապվեց նաև շտապօգնության բժիշկը, ասաց, որ դիմակ ու ձեռնոց կրեմ, և իրենց ժամանելուն պես շենքից դուրս գամ ու նստեմ մեքենան։

Հավաքեցի իրերս, հագա բժշկական դիմակն ու ձեռնոցները, ընտանիքի անդամներից բաժանվեցի անհպում՝ վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու տանից դուրս եկա։ Երբ հասա վերելակի մոտ, երրորդ հարկի մեր պատշգամբից նկատեցի դրսում ինձ սպասող շտապօգնության մեքենան, շենքից դուրս եկա ու մի տեսակ ներքին վստահությամբ մոտեցա մեքենային, միայնակ նստեցի հետևի մասում և դուռը փակվեց։

Ճանապարհը երկար էր, ընթացքում պատասխանում էի հեռախոսազանգերին ու նամակներին, երբ հասանք հիվանդանոց և մեքենան մուտքի մոտ կանգ առավ, մինչև իջնելս լսեցի, որ ռադիոընդունիչով միացված է Նարգիզի և Մաքսիմ Ֆադեևի «Вдвоём» ստեղծագործությունը, որտեղ ասվում է. «и когда-нибудь в один день умрем», հրաշալի ստեղծագործություն է, բայց համաձայնեք՝ այնքան էլ ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում չէր հայտնվել։

Շտապօգնության այլ մեքենայով ինձ հետ միասին հիվանդանոց բերեցին նաև միջին տարիքի ամուսինների։ Մինչև կսպասեինք հետազոտություններին, որոնք պետք է անցնեինք, ծանոթացանք, հետաքրքրվեցինք միմյանց որպիսությամբ և առողջություն մաղթեցինք իրար։ Նրանք դարձան 3-րդ և 4-րդ հաստատված դեպքերը, որոնց անմիջականորեն ճանաչում եմ (նախկինում իրենց վարակվելու մասին սոցիալական ցանցում հայտնել էին ընկերներիցս 2-ը)։

Հիվանդանոցի հերթապահ բժիշկն ու բուժքույրերը մեզ շատ բարեհամբույր դիմավորեցին, ստուգեցին, կատարեցին անհրաժեշտ հետազոտությունները՝ ռենտգեն, էլեկտրասրտագրություն, սոնոգրաֆիա, և տեղաբաշխեցին հիվանդասենյակներով, որտեղ կան անհատական պաշտպանիչ միջոցներ, ջերմաչափ, հիգիենայի պարագաներ, Աստվածաշունչ, Կտակարան, մահճակալ, բազմոց, սեղան, աթոռ և այլ անհրաժեշտ պարագաներ, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է պացիենտին։

Այստեղ անցկացնելու եմ այնքան ժամանակ, մինչև ապաքինվեմ, համալրեմ այն մարդկանց շարքը, որոնք հաղթահարել են կորոնավիրուսը։ Մինչ այդ կփորձեմ ներկայացնել կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագիրը։ Վարակված լրագրող լինելն իր մեջ ունի այն առավելությունը, որ կարող ես առաջին դեմքով վերապրել ամենը, զգալ ու ընթերցողին ներկայացնել քեզ հետ կատարվող իրականությունը։ Կորոնավիրուսը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն թևավոր խոսք դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք...

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am