Ucom-ը համալրում է թափուր աշխատատեղերը՝ ներքին առաջխաղացման և նոր կադրերի ներգրավման միջոցով

Armenpress 19:27, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության բնականոն աշխատանքը, մայիսի 14-ի դրությամբ, ապահովում է 1160 աշխատակից, որոնք, ի լրումն իրենց պարտականությունների, ժամանակավորապես ստանձնել են աշխատանքից ազատված գործընկերների գործառույթները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից, սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է տարբեր մասնագիտացում ունեցող 520 աշխատակից, նրանցից շատերի հետընդունման գործընթացը դեռ շարունակվում է։ 

««Նախապատվությունը տալով ներքին ռեսուրսին և ապավինելով Ucom-ի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությանը՝ բազմաթիվ բաժինների ղեկավարների, ավագ մասնագետների, համակարգողների պաշտոններում աշխատանքը վստահել ենք հենց առկա աշխատակիցներին՝ իրականացնելով ներքին առաջխաղացում։ Բացի այդ, թափուր աշխատատեղերի համալրման համար օրական առնվազն 25 հոգի հարցազրույց են անցնում մարդկային ռեսուրսների կառավարման տնօրինության հետ։ Բիզնես գործընթացների օպտիմալացման արդյունքում անհրաժեշտություն ունենք ներգրավելու ևս 300 մասնագետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ Ucom-ն աշխատանքային հայտարարություններ է տեղադրում մասնագիտացված կայքերում և շարունակում է ինքնակենսագրականներ ընդունել career@ucom.am էլեկտրոնային փոստի հասցեով»,-ասվում է հաղորդագրության մեջ։    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am