Վրաստանի վարչապետը մանրամասնել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացման կարգը

Armenpress 13:22, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հանել երեք հոգուց ոչ ավելի հավաքվելու վերաբերյալ սահմանափակումը և վերաբացել կորոնավիրուսի հետևանքով փակված գեղեցկության սրահները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մանրամասներ է ներկայացրել կառավարությաննիստին:

«Մենք որոշեցինք հանել երեք հոգուց ոչ ավելի հավաքվելու արգելքը, այդ թվում` բաց տարածքում»,-ասել է Գախարիան՝ ավելացնելով, որ դեռ ուժի մեջ է մնում այն սահմանափակումը, ըստ որի ավտոմեքենայում վարորդի հետ պետք է չլինի 3 հոգուց ավելի մարդ: Նաև որոշում է կայացվել մայիսի 18-ին բացել բոլոր գեղեցկության սրահները:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված մինչև մայիսի 22-ը, ինչպես նաև պարետային ժամ՝ 21:00-ից մինչև 6:00-ն: Վրաստանի իշխանությունները մայիսին սկսել են փուլային տարբերակով հանել սահմանափակումները: Վերջին տվյալներով Վրաստանում վարակվածների թիվը 652 է, որից 383-ն ապաքինվել է, 12-ը՝ մահացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am