Արայիկ Հարությունյանը հայտնել է Արցախում կադրային որոշումների մասին

Armenpress 15:32, 13 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արցախի ապագա կառավարության ձևավորման հետ կապված որոշ կադրային որոշումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը կադրային որոշումների մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քիչ առաջ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը:

Նիստում որոշում է կայացվել նաեւ ձեւավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:

Ի դեպ, տեղեկացնեմ նաեւ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության եւ սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:

Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում»,- գրել է Հարությունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am