Մեծ Բրիտանիայում դրսում զբոսնելու հետ կապված բոլոր արգելքները հանվել են

Armenpress 14:41, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու հետ կապված բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, մայիսի 13-ից  հանվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է BBC-ն: Սա երկրում կարանտինի ռեժիմի թուլացման առաջին փուլն է:

Եթե նախկինում կարելի էր դուրս գալ փողոց օրվա մեջ մեկ անգամ մեկ ժամով, ապա հիմա զբոսանքի համար չկա ոչ ժամային, ոչ տարածության սահմանափակում: Նույնիսկ թույլատրվում է տեղաշարժվել ավտոմեքենայով և գնալ ծով կամ զբոսայգի, սակայն միայն ընտանիքի անդամների հետ: Թույլատրվում է հանդիպել ոչ ընտանիքի անդամների հետ, սակայն օրվա մեջ կարելի է տեսնել մեկ հոգու, այն էլ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Կանոնները չպահպանելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 3 հազար 200 ֆունտ ստերլինգով:

Առայժմ խորհուրդ է տրվում աշխատել տնից, բացառություններ են այն քաղաքացիները, որոնք աշխատում են շինարարության և արտադրության ոլորտներում: Խորհուրդ է տրվում աշխատանքի վայր գնալ կամ ոտքով, կամ հեծանիվով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am