Քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների արդյունքները և գյուղոլորտի նոր ծրագրերը

Armenpress 19:27, 12 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունավետությանը: Այդ համատեքստում պատասխանատուները զեկուցել են կատարված աշխատանքների, աջակցության հասցեականության ապահովման մասին:

Նշվել է, որ տնտեսական բնույթի ծրագրերը գնահատվել են արդյունավետ, որոնցից օգտվել են ճգնաժամի ընթացքում առավել տուժած ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարողները: Կառավարության օժանդակության գործիքներից օգտվել են զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, սպասարկման, ծառայությունների մատուցման, շինարարության, առողջապահության և այլ ոլորտների ընկերությունները: Պատասխանատուներն ընդգծել են, որ հաշվի առնելով արդեն վերջին օրերին նկատվող միտումները՝ հատկապես տնտեսությունում իրացվելիության ապահովման խնդիրը կարելի է համարել լուծված:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ իրականացված միջոցառումների հասցեականությունը գնահատվում է բարձր, ծրագրերից օգտվողների թիվը նույնպես մեծ է եղել: Դրա վկայությունն է այն, որ ծրագրերից օգտվելու հայտերի թիվը կտրուկ նվազել է: 

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ միջոցառումների խթանմանը, այդ հարցում համապատասխան մեխանիզմների մշակմանն ու ներդրմանը վերաբերող հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am