Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

Armenpress 11:16, 12 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հասարակության մեդիագրագիտությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայրապետյանն ասաց խորհրդարանի մայիսի 12-ի նիստում:

«Մեր կարևորագույն անելիքը պետք է լինի մեդիագրագիտությունը: Եթե չկա մեդիագրագիտություն, ապա ամեն ժամ ՀՀ քաղաքացին մանիպուլացվելու, մոլորեցվելու սպառնալիքի առաջ է լինելու: Պետության կողմից hասարակության հետ աշխատանքը չունի այլընտրանք: Մեդիագրագիտությունն է, որ լուծելու է այն խնդիրը, որի առջև կանգնած է ՀՀ քաղաքացին: Մենք պետք է ունենք այնպիսի կրթված հանրություն, որը հստակ կտարանջատի կեղծիքն ու սուտը առողջ ու հիմնավորված քննադատությունից»,- ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց, որ սուտն ու կեղծիքը տարածում են որոշ լրատվամիջոցներ, սակայն իրենք չեն պատրաստվում կասեցնել դրանց գործունեությունը:

«Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որ որևէ կայք փակի, բայց ԶԼՄ դաշտում պետք է լինեն կոնկրետ գործուն նոր մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար»,- նշեց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am