Փոփոխություններ կատարվեցին հանրաքվեի մասին օրենքում

Armenpress 10:32, 12 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով առաջարկվում է կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը՝ 50 հազարից իջեցնելով մինչև 25 հազարը:

Օրենքի նախագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Համազասպ Դանիելյանը:

«Այս նախաձեռնությամբ մենք կրկնակի նվազեցնում ենք այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը գրանցելու համար, ինչպես նաև երկարացնում ենք ստորագրությունները հավաքելու համար անհրաժեշտ ժամանակահատվածը»,- ասաց Համազասպ Դանիելյանը:

Մայիսի 12-ի ԱԺ նիստում օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 97 «կողմ» ձայներով:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am