Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործվում է ընդդիմադիրներին լռեցնելու համար

Armenpress 14:28, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ եւ սպասվում էր, որ դրան կհետեւեն քաղաքական որոշակի զարգացումներ, վերադասավորումներ։ Սակայն համաշխարհային առողջապահական ճգնաժամով պայմանավորված նման գործընթացներ կարծես թե տեղի չունեցան։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ խորհրդարանը դեռ չի անցել իր բնականոն աշխատանքին, իրավիճակը սառեցված է, բայց դրա հետ մեկտեղ «աղմկահարույց» ձերբակալություններ են լինում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, որոնք մեղադրվում են կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ։

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք ձերբակալությունները նախապատրաստական քայլեր լինեն քաղաքական դաշտում ավելի խոշոր վերադիրքավորումների համար, պատգամավորը նշեց, որ նման գործընթացներ ժամանակ առ ժամանակ լինում են, եւ կարծիք հայտնեց, որ կորանավիրուսով պայմանավորված նավթի գների տատանումները, տնտեսության բավականին ծանր իրավիճակը դրդում են իշխանություններին ցուցադրել, որ իբր պայքարում են կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ, բայց դա «հասարակության աչքին թոզ փչելուն ուղղված քաղաքականություն է»։

«Բուռն քաղաքական գործընթացներ, որպես այդպիսին, այս պահի դրությամբ չեն նկատվում։ Իհարկե, խոսակցություններ կան երկրի արտգործ նախարարի եւ պաշտպանության նախարարի փոփոխության հետ կապված, բայց դրանք ընդամենը խոսակցությունների բնույթի են»,–նշեց Տ. Հայրապետյանը։

Նկատենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության հետ կապված խոսակցությունները նոր չեն, ժամանակ առ ժամանակ նման լուրեր շրջանառվում են մամուլում։ Զրուցակիցս նշեց, որ որոշակի ուժեր հստակ աշխատում են, որպեսզի հեռացնեն Մամեդյարովին եւ նրա փոխարեն ակտիվորեն քարոզում են Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Հիքմեջ Հաջիեւի թեկնածությունը։ Այդ առումով Մամեդյարովի դեմ վերջին արշավը բավականին կազմակերպված էր, քանի որ հարցը շրջանառվում էր ոչ միայն մամուլում, այլեւ պատգամավորների կողմից. «Ճի՛շտ է, այդ պատգամավորները դիրքավորվում են որպես ընդդիմադիր կամ այլ կուսակցություններից, բայց իրականում նույն տրամաբանության մեջ են, ինչ իշխող քաղաքական ուժը։ Դրա համար այդ հայտարարությունները կարելի է ուշադրության արժանացնել, բայց այս պահի դրությամբ այդ խոսակցությունները կասեցվել են»։

Ինչ զարգացումներ կարող են լինել՝ հաշվի առնելով համաշխարհային իրավիճակն ու Ադրբեջանի ներքին իրադրությունը։ Տ. Հայրապետյանի գնահատմամբ, Ադրբեջանը շարունակում է սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն իր հայտարարություններով եւ գործողություններով։ Թեեւ Ադրբեջանը բավականին անկանխատեսելի հակառակորդ է, բայց միեւնույն ժամանակ, գնահատելով ներքին եւ արտաքին իրավիճակը, պատգամավորը համոզված է, որ Բաքուն այս պահին ռազմական արկածախնդրության չի գնա. «Դա շատ ռիսկային կարող է լինել Բաքվի համար։ Ներքին իրավիճակն այնպիսի սպառնալիք չի ստեղծում իշխանությունների համար, որի պատճառով դիմեն ռազմական գործողությունների։ Ինչ խոսք, կան բողոքներ, բայց կորոնավիրուսի իրավիճակն իշխանությունները լավագույնս օգտագործում են հենց այդ ընդդիմության դեմ պայքարելու համար»։ Նշենք, որ դեռեւս մարտի 27-ին ընդդիմադիրներին լռեցնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործելու մասին բարձրաձայնել էինք ԵԽԽՎ համազեկուցողները, զգուշացնելով՝ նման գործելաոճը կարող է բացասաբար ազդել Բաքվի անդամակցության վրա։ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն էլ ապրիլի կեսերին էր հայտարարել, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ուղղված քննադատությունը լռեցնելու համար չարաշահում են հակահամաճարակային սահմանափակումները՝ ձերբակալելով ընդդիմադիր ակտիվիստներին։

Մասնավորապես, կարանտինը խախտելու եւ ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքներով 10-30 օրով ձերբակալվել էին մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ եւ լրագրողներ, «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նիյամեդին Ահմեդովը եւ այլք։

Մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը՝ Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացման վերաբերյալ, պատգամավորը նշեց, որ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից հետո, երբ վերջինս արձագանքել էր Սերգեյ Լավրովին, Ադրբեջանի հասարակության շրջանում բողոքի ալիք էր բարձրացել եւ մամուլում անգամ կոչեր էին հնչում, որ դրան ի պատասխան Ադրբեջանը պետք է ռազմական գործողություններ վերսկսի։ «Այդ համատեքստում երկրի իշխանություններն անհրաժեշտ համարեցին Զաքիր Հասանովի շուրթերից հնչեցնել հերթական ռազմատենչ հայտարարությունը։ Դա քարոզչական բնույթ ուներ եւ ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված հայտարարություն էր»,–պարզաբանեց Տ. Հայրապետյանը։

 

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հարապետություն» օրաթերթ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am