Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը սկսվելու է մայիսի 7-ին

Armenpress 14:20, 7 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը (կանխիկ եղանակով) կսկսվի մայիսի 7-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից։

Հանրապետությունում ընթացիկ տարվա մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների նպաստի կանխիկ եղանակով վճարումը մայիսի 7-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով: Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում սույն թվականի մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները:

2020 թվականի հունվարի 9-ի ՀՀ կառավարության նիստում Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով՝ որոշում է կայացվել բարձրացնել Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը սահմանել 26 հազար 500 դրամ՝ նախկին 18 հազար դրամի փոխարեն։

Այս կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից և կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am