Ավելի քան 1 մլն մարդ կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն

Armenpress 12:35, 6 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում ավելի քան 1 մլն մարդ կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունը իրականացրել է հակաճգնաժամային 16 միջոցառում։ «Դրանց արդյունքում հասցրել ենք արդեն իսկ կոնկրետ աջակցություն ցուցաբերել շուրջ  21 հազար տնտեսավարողի ՝ հատկացնելով արտոնյալ վարկեր: Եվ ավելի քան մեկ մլն մարդ՝ ֆիզիկական անձ կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն»,-ասաց նա: 

Վարչապետը շեշտեց՝ հակաճագնաժամային գործողության առաջին նպատակը եղել է Հայաստանում խուճապ թույլ չտալը, երկրորդ ամենակարևոր խնդիրը՝ ապահովել, որպեսզի առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ անձանց, այսինքն՝ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն բուժօգնության կարիք, ստանան այդ բուժօգնությունը: Այս նպատակով 300 համաճարակային հիվանդանոցային տեղերն առնվազն հնգապատկվել են՝ դառնալով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի: 600 հյուրանոցային-հիվանդանոցային տեղ է պատրաստվել ասիմպտոմ դեպքերի համար: «Մեր դեպքերի կեսից ավելին մարդիկ են, որոնք կրում են կորոնավիրուս, բայց ոչ մի սիմպտոմ չունեն: Եվ նրանց նկատմամբ մեր քաղաքականությունն այն է, որ ոչ թե բուժենք, այլ ապահովենք, որ ինչ-որ տեղ մեկուսանան, որպեսզի ուրիշներին չվարակեն: 2300 հյուրանոցային տեղ ենք պատրաստել կոնտակտավոր մարդկանց մեկուսացնելու համար: Այս ընթացքում շուջ 6000 մարդ մեկուսացվել է»,-ասաց Փաշինյանն ու ընդգծեց՝ շատ կարևոր է եղել առաջին օրվանից, որ մեկուսացման և հակաճգնաժամային միջոցառումների ընթացքում քաղաքացիներից որևէ մեկի արժանապատվությունը նսեմացնող գործողություն չանեն:

Նա նկատեց՝ Հայաստանում կարանատինի պայմաններն ընդհուպ հայտնվել են միջազգային և տարածաշրջանային մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես օրինակելի ցուցանիշ:

Փաշինյանը կարևորեց, որ ֆինանսական շուկան շատ արագ է կայունացել: Մարտի երկրորդ կեսին անկայունության միտումներ սկսվեցին, սակայն շատ արագ այն ոչ միայն վերադարձավ, այլ նաև ԿԲ-ն այս ճգնաժամային շրջանում շուրջ 90 մլն դոլարի գնում իրականացրեց շուկայից:   Նա շեշտեց՝ ի տարբերություն շատ երկրների՝ Հայաստանում չեղավ շուկայական կոլապս, հաջողեցին շատ էֆեկտիվ կառավարել գնաճը: «Եվ այսօր ունենք ապրանքներ, որոնք էժանացել են, ունենք ապրանքներ, որոնք թանկացել են և ունենք ապրանքներ, որոնց գինը չի փոխվել: Շուկայում գնաճի առումով ունենք լիարժեք հավասարակշռված վիճակ»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում մայիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2782 դեպք, որոնցից 1135-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1600 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 26 հազար 929 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 40 դեպք: 

Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը  մշակել և հաստատել է 16 միջոցառում: Դրանք աջակցություն են նախատեսում ինչպես բիզնեսին, այնպես էլ անհատների, որոնք կարող են սոցիալական խնդրի առաջ կանգնել: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am