Ո՞վ է մեղավոր կորոնավիրուսի տարածման համար. միջազգային հանրությունը փնտրում է մեղավորներ 

Armenpress 19:12, 5 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ակտիվացել են Չինաստանի դեմ ուղղված մեղադրանքները կորոնավիրուսի տարածման հետ կապված: Որոշ երկրներ մեղադրական հայտարարություններից արդեն անցում են կատարել հստակ քայլերի՝ ընդհուպ մինչև Չինաստանի դեմ դատական գործերի հարուցում, հետաքննությունների անցկացում և այլն:

Այս գործընթացում առաջնային դերակատարություն է ստանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի հետախուզական ծառայություններն ակտիվ աշխատանք են տանում` ապացուցելու, որ Չինաստանն իր մեղքն ունի կորոնավիրուսի տարածումը ժամանակին չկանխելու մեջ: Մայիսի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ն ունի «մեծ ապացույց», որ կորոնավիրուսի տարածումը սկսվել է չինական լաբարատորիայում: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սկզբնական շրջանում արել է ամեն ինչ՝ կանխելու կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, այդ թվում՝ լռեցնելով ոլորտի մասնագետներին:

Բացի այդ ԱՄՆ Միսուրի և Միսիսիպի նահանգների գլխավոր դատախազները դատական գործ են սկսել Չինաստանի դեմ: ԱՄՆ կոնգրեսում հանրապետականները պատրաստել են 4 օրինագիծ, որոնց հաստատումը թույլ կտա դատական գործ սկսել Չինաստանի դեմ: Բացի այդ, ԱՄՆ-ում առանձին անհատներ ևս դատական գործեր են սկսել Չինաստանի դեմ՝ պահանջելով ֆինանսական և մարդկային կորուստների փոխհատուցում:

Պեկինն արդեն իսկ արձագանքել է ԱՄՆ այս քայլերին. Չինաստանում տարբեր իրավաբաններ ևս դատական գործեր են սկսել ԱՄՆ դեմ՝ փաստելով, որ կորոնավիրուսը սկսել է ԱՄՆ-ում և ոչ Չինաստանում: Դոնալդ Թրամփին մեղադրում են Չինաստանի հեղինակությանը հարված հասցնելու մեջ՝ կորոնավիրուսը «Չինական վիրուս» անվանելու պատճառով և այլն: Հատկանական է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս հերքել է այն հայտարարությունները, թե իբր նոր կորոնավիրուսը ստեղծվել է չինական լաբորատորիաներում` դրանք որակելով «շահարկումներ»:

Իսկ որքա՞ն լուրջ կարող են լինել ԱՄՆ կողմից ձեռնարկած այս քայլերի հետևանքները: Միջազգային իրավունքի մասնագետների կարծիքով միջազգային իրավունքը հնարավորություն չի տալիս մեկ պետությանը դատի տալ մյուսին, քանի որ պետությունները համարվում են ինքնիշխան հավասար սուբյեկտներ: ԱՄՆ-ն, իհարկե, կարող է այս նպատակով որոշակի փոփոխություններ մտցնել իր  «Օտարերկրյա ինքնիշխանությունների անձեռնամխելիության մասին» օրենքում (Foreign Sovereign Immunities Act), որը թույլ չի տալիս դատական գործ սկսել այլ սուվերեն պետությունների դեմ, սակայն դժվար թե գնա նման քայլի, քանի որ դա կազդի նաև իր այլ դաշնակիցների անձեռնամխելիության վրա, օրինակ, Սաուդյան Արաբիային կզրկվի 9/11 ահաբեկչության հարցում իր անձեռնամխելիությունից:

Այս դեպքում ինչո՞ւ են ԱՄՆ իշխանություններն ակտիվ ջանքեր գործադրում այս ուղղությամբ: Պատասխանը պետք է փնտրել նախևառաջ ԱՄՆ ներքաղաքական տիրույթում: Ընտրություններին ընդառաջ ԱՄՆ ներկայիս վարչակազմն ամեն ինչ անում է մեղմելու կորոնավիրուսին ոչ պատշաճ արձագանքելու մասին իր դեմ ուղղված մեղադրանքները: Այս նպատակով ԱՄՆ նախագահն անգամ որպես «քավության նոխազ» փորձում է օգտագործել անգամ սեփական երկրի հետախուզությանը՝ հայտարարելով, որ այն իրեն ժամանակին և պատշաճ չի զեկուցել պանդեմիայի վերաբերյալ: Նույն համատեքստում պետք է դիտարկել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ ուղղված ԱՄՆ նախագահի մեղադրանքները: Բացի այդ այս հարցում ճնշում գործադրելով Չինաստանի վրա՝ ԱՄՆ-ն կարող է այլ հարցերում քաղել քաղաքական դիվիդենտներ, օրինակ, Չինաստանի հետ առևտրային բանակցություններում նրանից ստանալ զիջումներ:

Չինաստանի դեմ ԱՄՆ ուղղված քայլերից զատ հետաքրքիր է նաև դիտարկել այլ պետությունների որդեգրած դիրքորոշումներն այս հարցում: Իրենց առավել կոշտ դիրքորոշմամբ աչքի են ընկնում, օրինակ, Ավստրալիան և Նոր Զելանդիան: Ավստրալիայի իրավաբանները Չինաստանից պահանջել են ֆինանսական փոխհատուցում, իսկ իշխանությունները անհրաժեշտ են համարում անցկացնել միջազգային  հետաքննություն կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուրը պարզելու համար: Այդ կոչին է միացել նաև Նոր Զելանդիան:  Համաձայն տարբեր աղբյուրների՝ միայն Ավստրալիային կորոնավիրուսի հասցված վնասը կազմում է 37 միլիարդ դոլար: Եվրամիությունն իր հերթին զեկույց է պատրաստել, որտեղ ևս նշվում է, որ Չինաստանը ապատեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի վերաբերյալ: Ըստ տարբեր արևմտյան աղբյուրների՝ սկզբնական զեկույցը պարունակել է ավելի կոշտ մեղադրանքներ Չինաստանի հասցեին, սակայն այն որոշակիորեն փոփոխվել է Չինաստանի կոշտ արձագանքի պատճառով: Թեպետ սույն տեղեկատվությունը հերքվել է ԵՄ առանձին պաշտոնյաների կողմից, արևմտյան մամուլը շարունակում է պնդել դրա հավաստիության մասին՝ ԵՄ-ն նման զիջման պատճառ դիտարկելով նախևառաջ Չինաստանի հետ վերջինիս ունեցած տնտեսական հարաբերությունները:

ՌԴ կառավարությունն ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրել այս հարցում: Մասնավորապես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել խուսափել մի կողմի հասցեին ուղղված մեղադրանքներից՝ փոխարենը կենտրոնացնելով ջանքերը պանդեմիայի հաղթահարման ուղղությամբ:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ, իհարկե, կարևոր է պարզել կորոնավիրուսի տարածման պատճառները, սակայն, դա պետք է իրականացվի անաչառ հետքննության արդյունքում, որտեղ հետին պլան կմղվեն բոլոր կողմերի տնտեսական և քաղաքական շահերը: Բացի այդ հետագայում նմանատիպ այլ պանդեմիաների տարածումը կանխելու համար, կարևոր է նաև ներդնել միջազգային ավելի խիստ մեխանիզմներ, որոնք թույլ կտան կանխել համաճարակի տարածումը՝ դրա հետևանքների դեմ պայքարելու և մեղավորներ փնտրելու փոխարեն:

Լիանա Հովհաննիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am