Նիդերլանդական կենդանաբանական այգում առաջին անգամ մեծ պանդայի ձագ է ծնվել

Armenpress 17:17, 2 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ պանդայի ձագը (բնակվում է Կենտրոնական Չինաստանի լեռնային շրջաններում) ծնվել է Նիդերլանդների Ռենեն բնակավայրի Ouwehands կենդանաբանական այգում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»»-ին, այս մասին հայտնել են այգու մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ձագը ծնվել է մայիսի 1–ին՝ ուրբաթ օրը․  ձագն ու մայրը իրենց լավ են զգում։ Պանդայի սեռը դեռևս հայտնի չէ, քանի որ նրան փորձում են չանհանգստացնել։

«Ֆրանս Պրես» պարբերականը հայտնել է, որ Նիդերլանդներում առաջին անգամ է ծնվել մեծ պանդա։

«Այս պահին Վենին և իր ձագուկին հանգիստ են թողնում։ Մի քանի ամսից, երբ ձագը լքի մայրական որջը, կկարողանանք իմանալ նրա սեռը, ինչից հետո էլ պանդան կունենա անուն»,- ասվում է կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրությունում։

Մեծ պանդայի ձագը պատկանում է Չինաստանին, ինչպես իր ծնողները՝ Վենն ու Սին Յան։ Նիդերլանդներում նա կարող է գտնվել 1 տարի, ինչից հետո կտեղափոխվի Չինաստան։

Բնապահպանության միջազգային միությունը 2016 թվականին Մեծ պանդաներին խոցելի տեսակների է դասել։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am