1000х90.jpg (78 KB)

Ազատ տեղաշարժի սահամանփակումը կհանվի մայիսի 4-ից. հանրային տրանսպորտի արգելքը կմնա

Armenpress 14:22, 1 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն մայիսի 4-ից, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով այն նոր փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից:

«Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,-ասաց Սիմոնյանը:

Այդ փաթեթով գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես այդ սահմանափակումները վերաբերվելու են մանրածախ և մեծածախ առևտրին: Գրեթե չեն լինելու սահմանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայրերում: Այսինքն՝ մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Միայն դրանց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների շուկաները կգործեն:

Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր գործունեության տեսակներով: Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Բուսաբանական և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի:

Սպորտային օբյեկտների գործունեությունը կթույլատրվի՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ՝ սպորտային միջոցառումների անցկացման համար, ինչպես նաև սպորտային ակումբների գործունեությունը: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի մայիսի 4-ից:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am