1000х90.jpg (78 KB)

Նախարարը վստահեցնում է՝ կորոնավիրուսից տուժած ոչ մի քաղաքացու խնդիր անուշադրության չի մատնվելու

Armenpress 12:56, 29 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի արդյունքում տուժած ոչ մի քաղաքացու՝ անգամ չգրանցված աշխատողի խնդիր անուշադրության չի մատնվելու, կառավարությունը պարզապես քննարկում է քաղաքացուն որպես տուժած գնահատելու չափորոշիչները, աջակցության ձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանն այս մասին վստահեցրեց ԱԺ նիստում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին: 
Զոլյանը նաև ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ քաղաքացիներին կառավարության խնայողություններից գումար տալու առաջարկը գնահատեց պոպուլիստական: Նա նախարարին առաջարկեց պարզ, ոչ մասնագիտական լեզվով բացատրել, թե ինչու է Մարուքյանի առաջարկը վտանգավոր: 
Անդրադառնալով սոցիալական աջակցությանը՝ Ջանջուղազյանը վերահաստաստեց կառավարության մոտեցումը՝ բոլոր նրանք, որոնք համավարակի արդյունքում տուժել են, ուշադրության կենտրոնում են, քննարկվում են բոլոր հնարավոր և անհնար առաջարկները: «Կարևորն այն է, որ դա հնարավոր լինի ընդունել, գնահատել և գալ այն եզրակացության, որ խնդիրն առաջացել է համավարակի պատճառով: Մեր մտադրությունն այն է, որ ոչ մեկ չպետք է դուրս մնա իրականացվող, հրապարակված միջոցառումից, նույնիսկ այն քաղաքացիները, որոնք անցյալ 1-2 տարում չեն անսացել հորդորին՝ գրանցվել աշխատելիս, պարտավորությունները պատշաճ կատարել: Բայց ամբողջ խնդիրը նրանց տեղորոշման մեջ է, նրանց ճանաչման՝ որպես տուժածներ: Շատ կարևոր է, որ մեր բոլոր հայրենակիցներն իմանան, որ անուշադրության չի մատնվելու ոչ մեկի խնդիրը»,-ասաց նա ու նշեց՝ այդ խմբի համար առաջակը կքննարկվի, որոշում կկայացվի, թե որ չափորոշիչներով կճանաչվեն որպես տուժողներ և ինչպիսի սոցիալական օժանդակություն ցույց կտրվի:
Նախարարը շեշտեց՝ ոչ մի անգամ ըստ էության չեն ասել, թե կա օժանդակության անհրաժեշտություն և դրա համար չկան միջոցներ: Նա նշեց՝ այդ օժանդակությունը կլինի գանձապետական միասնական հաշվի մնացորդներից, թե ներգրավվող միջոցների հաշվին, կարծում է, որ քաղաքացուն չի հետաքրքրի: Դրանք ավելի շատ հետաքրքրում են մասնագիտական շրջանակներին:
Զոլյանը նկատեց՝ ստացվում է, որ եթե գնան այն ճանապարհով, որ օրինակ 500 հազար մարդու գումար տան՝ անկախ նրանից՝ նրանց մի մասը դրա կարիքն ուն, թե ոչ, դա կարող է տնտեսական բացասական հետևանքներ ունենալ:
Ջանջուղազյանը արձագանեց՝ բացասական հետևանքներն անհամեմատ ավելի շատ կլինեն, քան դրականը, ընդ որում ոչ միայն տնտեսական, այլ նաև հոգեբանական և բարոյական: 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու կառավարությունը վերջին տարիների խնայողություններից, որտեղ հարյուր միլիարդ դրամ գումար կա, չի ցանկանում աջակցել քաղաքացիներին: Ջանջուղազյանն արձագանքել էր՝ նշելով, որ 100 միլիարդ դրամ կառավարությունը իր տրամադրության տակ չունի: Իսկ ինչ վերաբերում է սոցիալապես անապահով խմբին, ինքը կարծում է, որ դրա ճանապարհն այն է, ինչը կառավարությունն ընտրել է՝ միջոցառումներով, թիրախավորված, հասցեական աջակցությունը:
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել և հաստատել է 14 միջոցառում, որոնցով աջակցություն է նախատեսվում ինչպես բիզնեսին, այնպես էլ առանձին անհատների:
Աննա Գրիգորյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am