Հայտարարվել է Երևանի համար 100 ավտոբուսի գնման մրցույթ

Armenpress 11:36, 29 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի համար հայտարարվել է 12 մ երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված 100 ավտոբուսի գնման մրցույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարությամբ, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում»,- նշել է Մարությանը:

Մրցույթը բաց կլինի մինչև 2020 թ. հունիսի 12-ը:

2019 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը հայտնել էր, որ նոր ցանցի համար պահանջվում է շուրջ 850 ավտոբուս և նախատեսվում է, որ դրանք կմատակարարվեն փուլերով։

Հայկ Մարությանը փետրվար ամսին հույս էր հայտնել, որ ընթացիկ տարվա աշնանը 100 միավոր ավտոբուս կլինի Երևանում։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am