Դանիացի պատմաբանն անընդունելի է համարում Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականությունը

Armenpress 18:08, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիացի պատմաբան և համեմատական ցեղասպանագիտության մասնագետ Մաթիաս Բյորնլունդին անընդունելի է համարում Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականությունը։ «Արմենպրես»-ը Բյոնրլունդիի հետ զրուցել է 1915թ. Հայոց ցեղասպանության, Թուրքիայի կողմից այդ ոճրագործության ճանաչման և փոխհատուցման մասին։

- Պարոն Բյորնլունդի, Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց ո՞րը պետք է լինի առաջավոր մարդկության գլխավոր խնդիրը՝ ճանաչման ու դատապարտման հասնելու, նման ոճրագործությունները կանխելու տեսանկյունից։

- Անցյալի հանցագործությունների ճանաչումը, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է, առավել կարևոր է, երբ դա արվում է այնպիսի պետությունների կողմից, ինչպիսիք են Թուրքիան: Այն, ինչ մյուսները կարող են անել ցեղասպանության ճանաչման առումով, Հայոց ցեղասպանությունը սեփական երկրում ճանաչելն է (այն, ինչ իմ սեփական` դանիական կառավարությունը դեռ չի արել) ՝ ցույց տալով, որ նման ագրեսիվ պետական ժխտողականությունն անընդունելի է։ Դանիայի կառավարությունը կարող է գոնե ցույց տալ, որ նման դիրքորոշումը անընդունելի է: Մենք կարող էինք պատմել դպրոցում ցեղասպանության մասին, ճանաչել այն պետական մակարդակով, հարգել զոհերի և մեր սեփական դանիացի միսիոներների հիշատակը։

- Արդյոք հնարավո՞ր է հասնել ճանաչման Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով այդ պետության ագրեսիվ-ժխտողական քաղաքականությունը։

- Չեմ կարծում, թե դա տեղի կունենա մոտ ապագայում, սակայն դա օգուտ կբերեր Թուրքիային, ինչպես նաև ողջ աշխարհին։ Կայուն, հուսալի, իրական ժողովրդավարական Թուրքիան կարող է հայտնվել միայն այն ժամանակ, երբ հեռանա վերևից վար հեռանա իր պատմության և բռնության ժառանգության ամենացածր կետից։ Թուրքիան հիմնականում վարձատրվում է իր ագրեսիվ ժխտողականության համար:

- Ի՞նչ կարող է ակնկալել հայ ժողովուրդը՝ արդար հատուցման տեսանկյունից։

- Հայ ժողովուրդը, ցավոք, չի կարող հավուր պատշաճի ճանաչման կամ փոխհատուցման հույս ունենալ։ Համենայնդեպս, հենց այդպես է ամեն ինչ հենց հիմա, ես չեմ սիրում և փորձում կանխատեսել ապագան։ Շարունակական գործընթացի շնորհիվ մեզ հաջողվեց կրկին ու կրկին ուսումնասիրել և փաստաթղթավորել այն, ինչ տեղի ունեցավ 1915 թվականից ի վեր։ Սա ավարտված գործընթաց չէ, բայց մենք ավելի քան 100 տարվա ընթացքում գիտենք, որ հայերն ու մյուս քրիստոնյաները Օսմանյան կայսրությունում կոտորվել են երիտթուրքերի կողմից, որ ողջ մնացածները ենթարկվել են բռնության, բռնի ձուլման կամ արտաքսման իրենց հայրենիքից, իսկ նրանց ունեցվածքը հափշտակվել է։ Բայց այդ ընդարձակ, մանրամասն գիտելիքը չի նշանակում, որ հայերը կամ Հայաստանը շատ արդարություն են ստացել։

- Պատմական արդարության վերականգնման համար արդյոք բավակա՞ն են միայն ճանաչումն ու Թուրքիայի կողմից ներում հայցելը։

- Թուրքիայի կողմից ճանաչումն ու ներողությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի լավագույն և միակ ճիշտ մեկնարկը կլիներ։ Բայց դա, հավանաբար, պետք է լինի միայն սկիզբը` վերականգնման, վստահության ամրապնդման և այլն փուլերի, որն անհրաժեշտ է ապագայում։

Հարցազրույցը` Նորայր Շողիկյանի

Մաթիաս Բյորնլունդին «Հայոց ցեղասպանություն. սկզբից մինչև վերջ» գրքի հեղինակն է, որը տպագրվել է դանիերեն լեզվով 2013 թվականին և լայն արձագանքի արժանացել Դանիայի հասարակական, քաղաքական ու գիտական շրջանակներում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am