1000х90.jpg (78 KB)

Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ

Armenpress 16:02, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ: Այն մատուցել է Դամասկոսի Հայոց առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սիրիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

Սիրիայի խորհրդարանը ընթացիկ տարվա փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախմբի կողմից ներկայացված՝ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության եւ Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am