ՀՀ Հումանիտար առաքելության խումբը սնունդ և այլ պարագաններ է փոխանցել մանկատան սաներին և տարեցներին

Armenpress 17:15, 20 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի ապրիլի 20-ին կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Սիրիայի Օգնության Խաչի և Հայ Ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելել է մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաններ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Հալեպում գտնվող ծերերի տանը օթևան գտած միայնակ ծերերը և մանկատան սաները ՀՀ մարդասիրական խմբի մշտական ուշադրության կենտրոնում են: Նրանց մշտապես սննդամթերք և բժշկական օգնություն է ցուցաբերվում: Մարդասիրական խմբի ղեկավարությունը հնարավորության սահմաններում շարունակելու է օգնել ծերերին և մանուկներին սննդի եւ կենցաղային այլ խնդիրների բարելավման համար: Մանկատան աշխատակիցներն ու երեխաները և Հայ Ծերանոցի ղեկավարը իրենց շնորհակալությունը հայտնեցին նվիրատուներին և ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչներին մշտական աջակցության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am