«Զայեդի կայունության 2021թ. մրցանակը» սկսում է «Փնտրում ենք առաջնորդներ» արշավը

Armenpress 12:52, 19 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զայեդի կայունության մրցանակն» ավելի շատ մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկացնում է «Փնտրում ենք առաջնորդներ» վերնագրով էլեկտրոնային արշավ նախաձեռնելու մասին` նպատակ ունենալով ընդգրկել ողջ հանրությանը պարգևատրման ջանքերում և կոչ անելով աջակցել այս արշավին, առաջադրել որակավորված կառույցներ, ինչպես նաև խրախուսել նրանց մասնակցությունն առաջիկա մրցանակաբաշխության ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից, աշրշավը նախաձեռնվել է՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված անկայուն պայմանները, և այն հանգամանքը, որ կայունության առաջնորդներն ամենուրեք կանգնել են առաջնագծում՝ դիմակայելու համաճարակին և լուծելու ամենամեծ մարտահրավերները առողջապահության, սննդի, էներգետիկայի և ջրի ոլորտներում:

«Առաջադրվող որակավորված կառույցները կարող են լինել փոքր կամ միջին հաստատություններ կամ կայուն լուծում ունեցող ոչ առևտրային կազմակերպություններ կամ միջնակարգ դպրոցներ, որոնք կայունության չորս ոլորտներից (առողջապահություն, սնունդ, էներգետիկա, ջուր) որևիցե մեկի շրջանակներում ներկայացնում են դպրոցական ծրագիր:

Առաջադրվող կողմերը և թեկնածուները մինչև 2020 թ. մայիսի 20-ն իրենց վերաբերյալ տեղեկությունները և հեռախոսահամարները կարող են ուղարկել հետևյալ էլ. փոստին. info@ZayedSustainabilityPrize.com :

Հատկանշական է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հունվարին Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բն Զայեդ ալ Նահյանի հովանու ներքո մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Զայեդ կայունության մրցանակ»-ի շնորհման արարողությանը: Նախագահ Սարգսյանը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին: Այն Մարոկկոյի սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով:

«Զայեդ կայունության մրցանակ»-ը շնորհվում է 2008 թվականից՝ նպատակ ունենալով խրախուսել առողջապահության, սննդի, էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտների այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս կայուն զարգացմանը նպաստող նորարար և ոգեշնչող լուծումներով»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am