Հայկական մշակույթը գրավիչ է և այն պահպանել է պետք. ապրիլի 18-ը Հուշարձանների միջազգային օրն է

Armenpress 11:02, 18 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարծում է, որ Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն, որն անհրաժեշտ է պահպանել, վերականգնել և հավուր պատշաճի ներկայացնել հայ և միջազգային հանրությանը: Փոխնախարարի հավաստիացմամբ՝ այս գործում մեծ դերակատարություն ունի ոչ միայն պետությունը, այլև հասարակությունը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ  «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նարինե Խաչատուրյանն ասաց, որ հուշարձանների պահպանության համար բազմաթիվ քայլեր են արվում, բայց, եթե չլինի հասարակության ընկալումը և գիտակցումը, նրանց սերը հայրենիքի և պատմամշակութային ժառանգության նկատմամբ, պետությունը որքան էլ ջանք թափի, մեծ արդյունքի հասնել չի կարող:

«Ահռելի  հարստություն ունենք, որի մի մասը հողի տակ է: Դեռևս մեծ աշխատանք կա անելու հաջորդ սերունդների համար, բայց, ֆինանսական պատճառներով պայմանավորված, բոլոր հուշարձանները միանգամից վերականգնել պարզապես հնարավոր չէ: Պետությունը պատրաստ է համագործակցել մասնավոր ընկերությունների, համայնքների հետ, սակայն համայնքների բնակիչների գիտակցությունը պետք է  բարձրանա, քանի որ շատ դեպքերում հուշարձանները ոչ թե բնական ճանապարհով են ավերվում, աղճատվում, այլ մարդկային գործոնի հետևանքով, ինչը շատ տխուր է»,-շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում նման փաստեր չպետք է լինեն, բայց մենք գրեթե ամեն օր հանդիպում ենք իրավիճակի, երբ հուշարձանն աղավաղվում է, երբ  հուշարձանի տարածքում հուղարկավորություն է կատարվում, երբ պատմական շինությունն ուղղակի այլանդակվում է՝ ըստ սեփականատիրոջ ճաշակի:

Անդրադառնալով ոլորտի օրենսդրական բացերին՝ փոխնախարարն ասաց, որ դրանց շուրջ այժմ աշխատում են, հոդվածների փոփոխություններ են պատրաստել, որոնք շուտով շրջանառելու են:

ՀՀ ԿԳՄՍ-ն իրազեկման ակցիաներ էր իրականացնում թե՛ մայրաքաղաքում, թե՛ համայնքներում: Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով ակցիաները ժամանակավոր ընդհատվել են: «Համայնքապետերը մեծ հետաքրքրությամբ էին լսում մեզ, բայց հետո նորից տեղեկանում էինք, որ այսինչ հուշարձանի տարածքում անօրինական շինություն է կառուցվում և այլն: Ենթադրում եմ, որ բացի վարչական տուգանքներից, քրեական պատասխանատվության պետք է պատիժը հասցնել, բայց ամենաարմատական փոփոխությունը կլինի այն ժամանակ, երբ մենք երեխաներին սովորեցնենք հասկանալ մշակույթի արժեքը, այդ թվում՝ հուշարձանների: Այդ նպատակով նախաձեռնել ենք հայրենաճանաչողական ծրագիր, որը կյանքի կկոչենք, և որը գիտակցության մեջ նման փոփոխություն կմտցնի: Երեխան, որը կլինի մեր շահառուն,  անգամ իր ընտանիքի անդամներին թույլ չի տա թղթի կտոր նետել այս կամ այն հուշարձանի տարածքում»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Խաչատուրյանը տեղեկացրեց, որ հավանաբար մի քանի օրից Սանահինի և Բնունիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման մրցույթ են հայտարարելու: Նախարարությունն այս տարի վերականգնման ենթակա հուշարձանների մեծ ցանկ ունի: Ամեն տարի որոշվում է, թե որ հուշարձաններն են առաջնահերթության կարգով վերականգնվելու, իսկ առաջնահերթությունը վտանգվածության աստիճանով է որոշվում:

Մեր պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար նախարարությունը մեծ նշանակություն է տալիս թվային տիրույթին: Պատրաստվելու է մեծ բազմալեզու պորտալ հուշարձանները, հնագիտական դաշտը ներկայացնելու համար: Խաչատուրյանը խոստովանեց, որ այդ առումով կաղում ենք և պետք է ագրեսիվ արշավ սկսել մշակույթը ներկայացմելու համար: «Մեր մշակույթը հարուստ է ու գրավիչ, պարզապես այն պետք է  կարողանանք ճիշտ մատուցել: Հիմա այս քայլերն արվում են»,-եզրափակեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Հայաստանը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» ընդգրկված հուշարձանների թվում են` Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմեի տաճարը, Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, Զվարթնոց տաճարը, Սանահինի վանական համալիրը, Հաղպատի վանական համալիրը, Գեղարդի վանական համալիրը և Ազատի գետի հովիտը:

Համաշխարհային ժառանգության ցուցակը պարբերաբար համալրվում է նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով` մշակութային լանդշաֆտներ, ճարտարապետական, հնագիտական և քաղաքաշինական հուշարձաններ և այլն:

Անժելա Համբարձումյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am