Պարտադրված հարկադիր պարապուրդը որքանով օգտակար ու արդյունավետ կլինի մեզ համար

Armenpress 15:58, 15 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակի օրերին կարանտինային այս կացությունն ակնհայտորեն մի շարք անհարմարություններ է ստեղծել մարդկանց համար։ Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկներ չեն աշխատում կամ մասամբ են աշխատում՝ հերթապահությամբ, երկրում բնականոն կյանքը կանգ է առել։ Երեւի թե չկա գեթ մեկ մարդ, ում ծրագրերը չեն հետաձգվել կամ ընդհատվել համավարակի ու դրա կանխարգելման համար ձեռնարկված միջոցառումների հետեւանքով։ Այսպիսին է իրավիճակն ամբողջ աշխարհում։ Այս ամենի հետ էլ՝ վրա հասած տնտեսական ճգնաժամն ու բիզնեսին հասցված հարվածը, ինչի վերականգնման համար, ըստ տարբեր մասնագետների, տարիներ հարկավոր կլինեն։

Սակայն, այս ամենով հանդերձ, գոյություն ունի մի շատ հետաքրքիր ու աննախադեպ դրական կողմ։

Խոսքն այն մասին է, որ լինելով տանը, հարկադիր պարապուրդի մեջ մարդիկ եզակի հնարավորություն ունեն զբաղվելու տան ու կյանքի խուլ անկյուններում մնացած հոգսերով եւ գործերով։ Մի դրվագ՝ առավել կենցաղային հոգսերից. միայն մեր պատշգամբից նկատելի են չորս բակ, որոնցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Եվ այդ բոլորը մեկնարկել են վերջին կարանտինային մեկամսյակի օրերին։ Շատերը հանել են մի կողմ թողնված ու արդեն փոշու շերտով պատված գրքերը, ոմանք մասնագիտական գրականության ընթերցանությամբ ու ինքնակրթությամբ են զբաղված։

Բայց ամենակարեւորը կյանքի ու աշխատանքի վերարժեւորումն է, որ, կարծում եմ, տեղի է ունենում շատ շատերի մոտ։ Մարդիկ հանգիստ, ազատ ժամանակ ունեն գնահատելու տարիների իրենց գործունեությունը՝ արդյոք, հասել են այն ամենին, ինչ ցանկանում էին կամ, արդյոք, ընթանում են այն ուղով, որը պատկերացրել են, արդյոք, իրենց շրջապատել են այն մարդկանցով, ումով կուզեին, եւ գտնվում են, արդյոք, այն միջավայրում, որտեղ կուզեին։

Արդյոք, անում են այն աշխատանքը, որը ցանկացել են կամ որին ձգտել են։ Արդյոք, իրենց ընտանիքն ունի այն տեսքը՝ բառիս ամենալայն իմաստով, որպիսին երազել են։ Նման հարցեր, որոնք իրականում պետք է մտահոգեն յուրաքանչյուրիս ամեն պահի, աշխատանքային ծանրաբեռնվածության ու ժամանակի սղության պատճառով միշտ դուրս են մնում մեր տեսադաշտից ու մտքերից։ Մենք սրանց մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ ունենք ազատ, նաեւ՝ հոգեպես, ժամանակ։ Ցավոք…

Իրավիճակի աննախադեպ լինելը հենց այն է, որ միջին վիճակագրական բավական մեծ թվով քաղաքացիների մոտ առաջացել է այդ բաղձալի ազատ ժամանակը։ Հիմա հենց մարդիկ իրենց տալիս են այն հարցերը, որոնք հնչեցվեցին վերեւում։

Յուրաքանչյուր մարդը՝ որպես սոցիալական էակ, իր լուման է ունենում համընդհանուր միջավայրի կառուցման գործում։ Եվ վերը բերված կենսափիլիսոփայական դիտարկումներն ու հարցադրումները յուրաքանչյուր մարդու համար մոտիվացիա են ձեւավորելու՝ հետագայում մտածված աշխատելու ու ապրելու համար։ Հայտնի է, որ մարդը բոլոր տեսակի կենդանիներից տարբերվում է իր բանականությամբ։ Ու մարդը պարտավոր է իր կյանքի հիմքում դնել բանականության մեծ տարր՝ դրա վրա կառուցելով իր շրջապատը, կյանքն ու օրը։

Աշխատանքով ու պարտականություններով գերծանրաբեռնված աշխարհում, հիրավի, կորոնավիրուսը կարծես հայտնվեց հոգեւոր առումով որպես մաքրող երեւույթ՝ մարդկանց հոգեւոր հյուծվածությունն ու քայքայվածությունը բուժելու մի միջոց։ Որքան էլ ձեւակերպումս առաջին հայացքից միստիկ ու առավելապես եկեղեցական խոսք հիշեցնող արտահայտություն լինի, միեւնույն է, դրանում կա մեծ ճշմարտություն՝ միստիկայից ու զգացմունքայնությունից դուրս։ Փաստ է՝ ամբողջ օրը աշխատանքին տրամադրող մարդիկ հայտնվել են հարկադիր պարապուրդում։ Իսկապես, մտածելու ու ամեն բան, ինչ կա շուրջբոլորը, վերարժեւորելու ժամանակն է։ Վաղը նորից այս ամենն ավարտվելու է, ու աշխատանքը եռալու է։ Տնտեսական ու մարդկային կորուստներից զատ կա հնարավորություն ձեռք բերել գործելու նոր մոտիվացիա։

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am