Քաղավիացիայի ղեկավարությունը մտադիր է ինքնաֆինանսավորմամբ ավելացնել կոմիտեի հնարավորությունները

Armenpress 15:40, 14 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախատեսում է մրցունակ աշխատավարձով լավ մասնագետներ ներգրավելու համար ավելացնել բյուջեն՝ ինքնաֆինանսավորմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության կողմից նկատած թերություններին և դրանց շտկման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: 
«Ապագայում պետք է կարողանանք շատ լուրջ մասնագետների ներգրավել: Մենք մրցակցում ենք մասնավոր հատվածի հետ, որտեղ օդաչուն, ինժեները կարող են հազարավոր դոլար աշխատավարձ ստանալ, այսինքն մոտիվացիա չունեն կոմիտեում աշխատելու: Մենք այս թեմայի շուրջ խոսել ենք 80-ից ավելի երկրների հետ: Հասկացել ենք, որ ճիշտ ճանապարհն ինքնաֆինանսավորման ճանապարհն  է՝ գանձել գումար մեր ծառայությունների համար: Այդ ամենն իրականցանելու համար պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն:  Ներգրավել ենք երեք մասնագետների, որոնք մեզ աջակցելու են այդ փաթեթը պատրաստել»,-ասաց Ռևազյանը:
Նա նշեց, որ ԵՄ թռիչքային անվտանգության գործակալոթյունը ևս նկատել էր, որ շատ խնդիրներ առաջանում են նրանից, որ չենք կարողանում ճիշտ մարդկանց ներգրավել մեր կառույցում՝ հաշվի առնելով, որ ռեսուրսների պակաս կա: 
Բացի այդ կոմիտեն որոշել է, որ անկախ թիմ է ներգրավելու կոմիտեում, որը չի զբաղվելու ընթացիկ հարցերով: Այդ խումբը զբաղվելու է  ռազմավարական հարցերով, որ լուրջ փոփոխություններ բերի: 
Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը իր զեկույցում ՀՀ քաղավիացիայի աշխատանքում արձանագրել է մի շարք թերություններ: Դրանք, կոմիտեի ներկայացմամբ, կապված են եղել հիմնականում աշխատանքի՝ ոչ միասնական մոտեցումների հետ, երբեմն տարբեր վարչություններ տարբեր մոտեցումներ են ունեցել: Բացի այդ կոմիտեն չի ներկայացրել որոշ զեկույցներ: Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում է, որ այդ թերությունները տարիների վաղեմություն ունեն:
Աննա Գրիգորյան


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am