1000х90.jpg (78 KB)

Ամենայն հայոց կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Սարգսյանին

Armenpress 17:44, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով:

Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝ միասնական ջանքերով ու վճռականությամբ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած այս փորձություններն ու դժվարությունները, որոնք այս օրերին պատուհասել են ամբողջ աշխարհը:

Մեր մաղթանքն է, որ Հարուցյալ Քրիստոս հարանոր հաջողություններով արգասավորի Ձեր և ՀՀ պետական այրերի ջանքերը՝ ի խնդիր մեր երկրի անշրջելի առաջընթացի և հավատավոր մեր ժողովրդի լուսավոր գալիքի»,-մասնավորապես ասված է Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am