Առողջապահական համակարգն ի զորու է զբաղվել կորոնավիրուսով բոլոր պացիենտների բուժմամբ․ նախարար

Armenpress 17:14, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարը երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվը նորմալ է համարում և վստահեցնում է, որ առողջապահական համակարգն ի զորու է զբաղվել այդքան թվով հիվանդների բուժմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թորոսյանն ասաց մամուլի ասուլիսին։

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին իրավիճակը միայն թվերով չպայմանավորել, կորոնավիրուսով վարակվածների թիվը նորմալ է, մեր առողջապահական համակարգն էլ ի զորու է զբաղվել նրանց բուժմամբ։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի գա մի օր, երբ առանձնացված հիվանդանոցները տեղ չունենան ծանր պացիենտներ ընդունելու, ինչի հետևանքով սկսենք նրանց բուժել ոչ հիվանդանոցային պայմաններում»,- նշեց Թորոսյանը։

Նա նաև նկատեց, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի միջին տարիքը 75-ն է։

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 12 դեպք: Հայաստանում ապրիլի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am