ԲՏԱ նախարարությունը համաձայնություն չի տվել «Յուքոմ»-ի կողմից «Բիլայն»-ի բաժնետոմսերը ձեռք բերելուն

Armenpress 14:34, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել կապի և հեռահաղորդակցության ոլորտում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարությունը․

«Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը:

Ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերի հայտնում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14֊րդ հոդվածի 7֊րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ:

Կոչ է անում զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը»:

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կապի և հաղորդակցության օպերատոր «Յուքոմ» ընկերության ղեկավար անձնակազմը հրաժարական է տվել։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ հրաժարական տված անձանց թվում են նաև Ալեքսանդր և Հայկ Եսայանները․ նրանք ընկերության հիմնադիրներից են։ Նշվում է, որ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։ 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am