Կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել. դեպքերի թիվը հասավ 12-ի

Armenpress 14:27, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել, այս պահին կա ընդհանուր 12 մահվան դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում: «Առավոտյան մեկ հոգի էլ մահացավ: Դեռ չենք հայտնել, արդեն 12 մահ ունենք, դա կերևա վաղվա թվերի մեջ: 81 տարեկան քաղաքացի էր՝ ծանր հիվանդություններով»,-ասաց Թորոսյանը:Նա շեշտեց՝ Հայաստանի խնդիրն է մահերի թիվը ցածր պահելով գնալ առաջ: «Մենք այսօր մի քիչ ավելի վստահ ենք մեզ զգում մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով: Սակայն մենք մինչև այդ սարքերը գնելն էլ մեզ բավականին լավ էինք զգում, որովհետև 80 հատ առանձին սարք ունեինք արդեն՝ նախքան Չինաստանից գնելը: Բայց մենք պետք է պատրաստված լինենք վատագույնին՝ թե մահճակալային ֆոնդով, թե հագեցվածությամբ, թե դեղերով»,-ասաց նախարարը:Ապրիլի 10-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 72-ամյա քաղաքացի․ նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am