1000х90.jpg (78 KB)

Հովհաննես Թումանյանի թանգարանը կներկայացնի գրողի ընտանիքի նախընտրած ուտեստների բաղադրատոմսերը

Armenpress 13:46, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը ապրիլի 10-ից տալիս է «Թումանյանների խոհանոցում» ծրագրի մեկնարկը, որի շրջանակում և՛ մեծահասակները, և՛ փոքրիկները կարող են ծանոթանալ ամենայն հայոց բանաստեղծի և նրա ընտանիքի անդամների նախըտրած ճաշատեսակներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանը յուրաքանչյուր ուրբաթ կներկայացնի Թումանյանների սիրած ուտեստները՝ պատրաստման նրբություններով:

«Ծրագրին հետևողները կարող են ձեռք բերել անհրաժեշտ բաղադրիչները, պատրաստել, գեղեցիկ ձևավորել և մատուցելիս էլ չմոռանալ «մի պտղունց սեր» ավելացնել: Փորձե՛ք և կհամոզվե՛ք, որ թումանյանական ճաշատեսակները, դառնալով ձեր խոհանոցի մի մասը, կգոհացնեն նույնիսկ ամենանրբաքիմք ու խստապահանջ գուրմաններին»,-նշվում է թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրությունում:

Հետաքրքրասերները կարող են տեսագրել պատրաստման գործընթացը, ավարտելուց հետո լուսանկարել և ուղարկել թանգարան:

Հնարավոր է՝ մասնակիցներից որևէ մեկն արժանանա թանգարանի պատրաստած մրցանակին:

«Թումանյանների խոհանոցում» ծրագրից բացի, թանգարանն իրականացնում է մի շարք այլ հետաքրքիր նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ «Տուն, թեյ, գիրք», «Թանգարանից տուն նամակագրություն», «Կտոր մը հումոր» կոմիքսների առցանց փառատոն, «Արի ծանոթանանք» ծրագրերը, որոնց մասին մանրամասներ կարող եք իմանալ Հովհաննես Թումանյանի թանգարանի պաշտոնական էջում:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am