Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին

Armenpress 13:01, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 10-ին ընթացող տեսակոնֆերանսի ընթացքում վարչապետը կարևորեց նման ձևաչափով քննարկումների անցկացումը, նշելով, որ կազմակերպության աշխատանքը չպետք է ընդհատվի համավարակի պատճառով։

«Շատ ուրախ եմ տեսակոնֆերանսի միջոցով բոլորիդ տեսնելու հնարավորության համար։ Չնայած նրան, որ մենք ապրում ենք ոչ հեշտ ժամանակներ, ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք անել ամեն հնարավորը, որ մեր կազմակերպությունը ոչ մի վայրկյան չընդհատի իր աշխատանքների սովորական ռիթմը։ Մենք ողջունում ենք բոլոր մակարդակներում այս ձևաչափով հանդիպումների անցկացումը»,– նշեց Փաշինյանը։

Վարչապետը  տեսակոնֆերանսի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի տարածման վերջին տվյալներն ու դրա դեմ պայքարում իրականացվող միջոցառումները։

«Այս առնչությամբ երկրում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ։ Մարտի 16-ից մեզ մոտ գործում է արտակարգ դրության ռեժիմ, իսկ մարտի 24-ից` խիստ կարանտին։ Ինչպես համավարակի հետ բախված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ մտցրեցինք օդային և ցամաքային կապի ոլորտում։ Երեկվա դրությամբ` մենք ունեինք 937 հաստատված դեպք, 149 ապաքինված, և, ցավոք, 11 մահ։ Վարակվածների գերակշռող մեծամասնության մոտ հիվանդությունն ընթանում է շատ թեթև ձևով, նույնիսկ՝ առանց ախտանշանների։ Բայց մենք չենք թուլացնում զգոնությունը, մենք մտադիր ենք առավել արդյունավետ դարձնել համավարակի դեմ պայքարը, մասնավորապես, թեստավորման քանակի մեծացման ճանապարհով»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է 10 ծրագրային փաթեթ, որոնք նպատակ ունեն ժողովրդի և երկրի բիզնեսի համար թեթևացնել կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալական և տնտեսական բեռը։

«Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև տնտեսության կարգավորման և ծանր ճգնաժամային երևույթներին դիմակայելու ուղղությամբ,  որոնց լինելիությունն արդեն որևէ մեկը կասկածի տակ չի դնում։ Ցավոք, մենք կանգնած ենք ճգնաժամի եզրին։ Որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը, որքան կշարունակվի համավարակը։ Որքան խորը կլինի ճգնաժամը և ինչպիսին կլինի այդ իրավիճակում համաշխարհային տնտեսության վարքագիծը»,- նշեց Փաշինյանը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը պետք է կայանար Մինսկում, անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով` աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 608 հազարը։ Համավարակից ապաքինվել է 358 հազար 15 մարդ, մահացել` 95 հազար 837–ը։

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am