«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև

Armenpress 12:02, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Արշակունյաց­Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։ «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»­ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև»,– գրել է Կուբատյանը։

2018 թվականի օգոստոսի 31­ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստում ներկայացվել և քննարկվել են Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցի նախագծի 4 տարբերակները: Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի տրանսպորտային հանգույցը գործում է ծանրաբեռնված, ինչի հետևանքով օրվա որոշակի ժամերի առաջանում է դժվարանցանելիություն: Ներկայացված նախագծի բոլոր տարբերակների հիմքում անխափան երթևեկությունն ու հոսքերի բեռնաթափումն է եղել՝ միաժամանակ ապահովելով հետիոտնի անխոչընդոտ անցուդարձը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am