Covid-19 Armenia-ով օնլայն թեստ անցած անձանցից 12-ը թեստավորվել է, 4-ի պատասխանը եղել է դրական

Armenpress 16:51, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Covid-19 Armenia հավելվածով առողջական վիճակի գնահատման օնլայն թեստ  անցած անձանցից 1500-ը հայտնվել է կարմիր գոտում, թեստավորվել է 12 անձ, 4-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց պարետ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

«Covid-19 Armenia հավելվածը ունեցել է արդեն շուրջ 40 հազար բեռնում, որի շրջանակում 240 հազար անգամ մարդիկ օնլայն թեստ են կատարել։ Մոտ 1500 մարդ հայտնվել է կարմիր գոտում, հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը: 31-ից արդեն թեստավորվել են 12-ը, որոնցից 8-ի մոտ եղել է բացասական, 4-ի մոտ՝ դրական, մնացածի արդյունքներին սպասում ենք», -ասաց Բադալյանը:

Հավելվածը ներբեռնելը պարտադիր չէ բոլորի համար, այն կամավորական սկզբունքով է:

Covid-19 Armenia հավելվածը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է մարդու առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ են հաստատում պարետատան համաճարակաբանները և անցկացնում հարցազրույց, որի արդյունքում որոշում, թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն:

Հայաստանում ապրիլի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 881 է, արձանագրվել է մահվան 9 դեպք: Թեստերից 4571-ը բացասական արդյունք է տվել: Հայաստանում ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 27-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 114: Այս պահին փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am