Համադրվում են սոցիալական եւ բնապահպանական ծրագրերը

Armenpress 14:19, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի զբաղվածության պետական գրասենյակներում պաշտոնապես գրանցված է մոտ 200 հազար գործազուրկ՝ հանրապետության բնակչության 17 տոկոսը։ Հասարակության ամենախոցելի այս շերտի առաջնային պահանջմունքները բավարարելու համար մշակվում են աջակցության տարբեր ծրագրեր։ Պետությունը գործազրկության նպաստ հատկացնելուց բացի սուբսիդավորում է նրանց առողջապահական ծառայությունները եւ կոմունալ վճարները։ Սակայն հասարակության այս շերտի համար առաջնային պահանջարկն աշխատատեղերն են։

Աշխատատեղերի ստեղծումն ուղղակիորեն կապված է երկրի տնտեսության աճի հետ։ Այն ապահովում է ընտանիքների կայուն եւ երկարաժամկետ եկամտի աղբյուրը։ Այս ուղղությամբ տարվող աշխատանքները յուրաքանչյուր պետության առաջնահերթություններից են։ Գործազուրկների ժամանակավոր զբաղվածության հարցի լուծումը նույնպես կառավարության գործողությունների թիրախում է։ Այդ ուղղությամբ իրականացվող քայլերն առանձնակի նշանակություն են ստանում, երբ ունենում են երկակի ազդեցություն՝ լուծելով տարբեր նշանակության առաջնային խնդիրներ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության հետ, մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտ, որը լուծում է երկու հիմնական խնդիր՝ սոցիալական եւ բնապահպանական։ Գերատեսչությունները նախաձեռնել են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» թիվ 534-Ն որոշման մեջ։ Մասնավորապես՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի վարձատրվող հասարակական աշխատանքների ոլորտների ցանկը համալրվել է եւս երեքով՝ անտառների վերականգնման, անտառապատման եւ խնամքի իրականացման աշխատանքներով։

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը նպատակաուղղված է գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմմանը։ Մյուս կողմից էլ այս իրավական կարգավորումը կնպաստի հանրապետությունում մեկնարկած լայնածավալ ծառատնկման եւ անտառապատման աշխատանքների իրականացմանը։ Կառավարությունը նախատեսում է մինչեւ 2020-ի ձմեռը Հայաստանում տնկել 10 միլիոն ծառ։

Այս նախաձեռնությունից բացի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում 2015 թ. ստորագրած Փարիզյան համաձայնագրի շրջանակներում մեր երկիրը ստանձնել է իր անտառային տարածքները մինչեւ 2050 թ. կրկնապատկելու պարտավորություն։ Վերջինս ենթադրում է մեծ ծավալի անտառտնկման աշխատանքների իրականացում՝ յուրաքանչյուր տարվա եւ երկարաժամկետ հեռանկարում։ Նման աշխատանքների իրականացումը մտնում է շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի գործառույթների մեջ։

2019 թ. աշնանը անտառվերականգնման համար կառավարությունը վերոհիշյալ կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացրեց 424 մլն դրամ դրամաշնորհ՝ 150 հեկտար անտառվերականգնման եւ այլ նպատակների համար։ Վերոհիշյալ միջոցառումից բացի, աշնանը եւ գարնանը ծառատնկման միջոցառումներին պարբերաբար մասնակցում են բազմաթիվ պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններ եւ քաղաքացիներ։ Սակայն նախատեսվող գործողությունների մեծ ծավալների դեպքում պետական լիազոր մարմնի ռեսուրսներն ակնհայտորեն չեն բավարարելու, ինչը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն կստեղծի։ Ընդ որում, անհրաժեշտ մարդկային ռեսուրսների ներգրավման կարիք կառաջանա ոչ միայն բուն ծառատնկման աշխատանքներում, այլ նաեւ տնկիների կպչողականությունը բարձրացնելու համար էական նշանակություն ունեցող խնամքի աշխատանքների կազմակերպման համար։

Վերոնշյալ ծրագրերն իրականացնելու նպատակով ոչ միայն ավելանալու են բյուջետային հատկացումները, այլեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական օգնությունները։ Այս օրենսդրական փոփոխությունը կնպաստի, որպեսզի գործազուրկները օգտվեն աշխատաշուկայում նոր բացվող հնարավորություններից՝ ժամանակավոր աշխատանքի միջոցով զբաղվելով ծառատնկման եւ խնամքի աշխատանքներով։ Այն էական աջակցություն կլինի նաեւ համայնքների համար։ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում անտառտնկումն ու վերականգնումը պարբերական եւ երկարաժամկետ են լինելու։ Այդ աշխատանքները կկազմակերպվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված աջակցող ցանցի ներկայացուցիչների՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց փոխգործակցության արդյունքում։

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» կարգի համաձայն, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներ են համարվում նաեւ սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերանորոգման եւ հարակից տարածքների, ինչպես նաեւ միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները։ Այդ ոլոտներից են նաեւ պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգումն ու նմանատիպ այլ աշխատանքներ։

Այդ աշխատանքները հիմնականում կատարվում են Հայաստանի մարզերում։ Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գրասենյակի տարածքային կենտրոններում հաշվառված եւ գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք։ Ծրագրերի մեկնարկից առաջ պատասխանատու անձը համապատասխան համայնքներում հաշվառում է ծրագրում ներգրավման ենթակա անձանց։ Ընդ որում, գործազուրկը կարող է նույն ծրագրում ընդգրկվել մեկից ավելի անգամ։

Աշխատանքներում ընդգրկելիս առաջնահերթությունը տրվում է գործազուրկի կարգավիճակ ստացած այն անձանց, որոնց ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, ինչպես նաեւ նրանց, որոնցում առկա են 2 եւ ավելի անչափահաս երեխաներ կամ կա հաշմանդամ։ Այս խմբում դիտարկվում են նաեւ մանկատան շրջանավարտները, արտագնա աշխատանքի ռիսկում գտնվողները եւ սոցիալական աջակցության տարածքային կազմակերպությունների սոցիալական դեպքի վարման շրջանակներում առաջարկած անձինք։

Վարձատրվող հասարակական աշխատանքի առավելագույն տեւողությունը երեք ամիս է եւ մեկ օրվա վճարը 5 հազար դրամ է՝ ներառյալ եկամտահարկը։ Ըստ կարգի, յուրաքնաչյուր եռամսյա ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 1 մլն 500 հազար դրամը, որի 10 տոկոսի չափով լրացուցիչ ներդրում է անում նաեւ համայնքը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջակած նոր փոփոխություններով այդ 10 տոկոսը եւս կարող է ֆինանսավորվել այլ աղբյուրներից։ Սա նշանակում է, որ նման ծրագրերը կարող են կատարվել ինչպես ամբողջությամբ բյուջեի հաշվին, այնպես էլ օրենքով չարգելված այլ միջոցներով, օրինակ՝ միջազգային դրամաշնորհներով։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկած որոշմամբ կարգավորվում է մեկ այլ կարեւոր սոցիալական խնդիր՝ 2020 թ. նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ անասնապահությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցության առավելագույն շեմը բարձրացվել է։

Նախկին կարգավորումով այդ երկու ծրագրի համար սահմանված էր մեկ շեմ՝ 1 մլն դրամի չափով։ Նոր կարգավորմամբ կառավարությունը սահմանում է ձեռնարկատիրության աջակցման համար 1 մլն 350 հազար դրամ, իսկ անասնապահությամբ զբաղվելու համար՝ 1 մլն 200 հազար դրամ։ Սոցիալական եւ բնապահպանական ծրագրերի համադրումը ոչ միայն բարձրացնում է դրանց կատարման արդյունավետությունը, այլեւ զգալիորեն նվազեցնում սոցիալական լարվածությունը։

Արմեն Վարդանյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am