Հայաստանում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

Armenpress 12:50, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում, երբ գործում են ազատ տեղաշարժի սահմանափակումներ, էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով տարբեր հարթակներից ստացված տվյալները:

«Էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակների տվյալներ ենք ստանում: Գրեթե եռապատկվել է ամբողջ շրջանառությունը: Սա խոսում է այն մասին, որ մեկուսացման մեջ մեր օնլայն հարթակներ և օնլայն տեխնոլոգիաներ կիրառող առևտրականները կարողանում են կազմակերպել իրենց առևտուրը: Օնլայն դրամական միջոցների շրջանառությունը տարբեր հարթակներում տարբեր գնահատականներով բազմապատկվել է»,-ասաց նախարարը:

Արշակյանի կարծիքով, սա դրական տեղաշարժ է: Նա կարծում է, որ սա խթան է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անկանխիկ, օնլայն առևտրի զարգացման համար: Անկանխիկ առևտրի զարգացման մասին կառավարությունը դեռ ավելի վաղ է խոսել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am