ՀՀ-ն առաջարկում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլիով․ Փաշինյանը հաջող բանակցությունների հույս ունի

Armenpress 22:00, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի տրամաբանական է համարում, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարի ոչ թե դոլարով, այլ ռուբլիով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։ Վարչապետը նշեց, որ այդ հարցի մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի  6-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում․ «Մենք անընդնատ խոսում ենք ԵԱՏՄ-ում դոլարիզացիայի բարձր մակարդակի մասին, բայց մինչև հիմա ռուսական գազի համար մենք վճարում ենք դոլարով։  Մեր առաջարկը եղել է այն, և ես այսօր էլ կրկնել եմ, որ ճիշտ կլինի, որ մենք գազի դիմաց ռուբլիով վճարենք, որովհետև դա, կարծում եմ, ավելի տրամաբանական է  նաև ԵԱՏՄ համատեքստում։ Հույս ունենանք, որ այդ բանակցությունները հաջող կլինեն»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից գազի սակագինը վերանայելու հայտ ներկայացնելու մասին հարցին՝ վարչապետը հիշեցրեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմ» ընկերությանը, որպեսզի վերանայվի սահմանին գազի գինը՝ հաշվի առնելով համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը։ «Այսինքն, մենք առաջարկել ենք բանակցություններ սկսել գազի գինը նվազեցնելու ուղղությամբ։  Այսօր Ռուսաստանի  նախագահի հետ այդ հարցը քննարկել ենք, և ես ասել եմ, որ, հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը, թե հումանիտար, և թե տնտեսական առումով ակնկալում եմ, որ Ռուսաստանի նախագահի հետ կկարողանանք այդ թեման քննարկել, գալ  ընդհանուր հայտարարի և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացված հայտի հետ կապված որոշումներ կայացնել, որովհետև այս ճգնաժամային իրավիճակում մեր հանրության և կառավարության կողմից չի ընկալվում, որ կարելի է նման որոշում կայացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am