1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Armenpress 19:51, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն ապրիլի 6-ին բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել է զինծառայողների պատրասվածության աստիճանը։ 

Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմի մասնագիտական գիտելիքների զարգացման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 2-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ անցկացվել է գործնական  պարապմունք:

Զինծառայողները ցուցաբերել են դաշտային պայմաններում քողարկվելու և փոխհամաձայնեցված գործելու բարձր պատրաստվածություն:

Հաստիքային սպառազինության կիրառման գործնական հմտությունները ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման  N  զորամասի նռնականետային դասակի անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պատրաստության պարապմունքներ:

Պարապմունքների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը: Ստուգվել են ուսումնանյութական բազայի համալրվածությունը, զենքերը, զինծառայողների մասնագիտական գիտելիքները։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն:

Զինծառայողների տեսական գիտելիքները զարգացնելու և առօրյա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ապրիլի 4-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումն ու ապահովումը առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:

Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 4-5-ը զինված ուժերի զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական և մարտական պատրաստության պարապմունքներ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am