Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 600 զինծառայող

Armenpress 14:45, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում շուրջ 600 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: Նախարարն ընդգծել է, որ բանակի մարտունակությունը չի տուժել:

Նախարարությունն ուշադրությամբ հետևում է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսից մահացել է երկրի զինված ուժերի քաղաքացիական աշխատակիցներից մեկը, որն աշխատում էր պաշտպանական ենթակառուցվածքների շինարարական համակարգում:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 165 է, մահացածներինը՝ 6 հազար 500-ից ավելի:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am