«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են

Armenpress 10:10, 4 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների ու դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության ձեռնարկած միջոցների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տնտեսագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի հետ: Անդրադառնալով այն հարցադրմանը, որ տնտեսական այսօրվա խնդիրների պայմաններում վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը շեշտադրում է անելու տնտեսության մի քանի ճյուղերի վրա, նա նշել է. «Դրանք այն ճյուղերն են, որտեղ ունենք համեմատական առավելություն եւ ունենք արտադրողականության էական բարձրացման պոտենցիալ: Իհարկե, կարծում եմ, որ կորոնավիրուսի հետեւանքով 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխության՝ ռոբոտաշինության եւ դրան հարող ոլորտներում Հայաստանում ներդրումները կավելանան: Այն ներառում է նաեւ ՏՏ լուծումներ, արհեստական բանականություն եւ այլն: Այս ուղղությամբ աշխատանքներ, այսպես թե այնպես, իրականացվում էին, բայց համավարակի հետեւանքով այդ աշխատանքներն էլ ավելի կարագանան: Այստեղ կարելի է դիտարկել նաեւ առցանց առեւտրի զարգացման հնարավորությունը, որի պահանջարկը եւս ավելանում է: Ընդհանուր աշխարհում, նաեւ Հայաստանում երկրորդ ճյուղը, որն անառարկելիորեն ներդրումային հետաքրքրություն կստանա եւ որին միտված է նաեւ կառավարության քաղաքականությունը, գյուղատնտեսությունն է: Երկրները կփորձեն նաեւ դիտարկել փակ սահմանների հնարավորությունը եւ դրա համատեքստում է՛լ ավելի մեծ տեսակարար կշռով կփորձեն ինքնաբավության գործակիցը պարենային ապրանքների գծով մեծացնել: Առաջին պլանում այս երկու ուղղությունն են, որ կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան»:

          Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am