Պարետը սահմանափակել է 64 բժշկական արտադրատեսակի արտահանումը Հայաստանից

Armenpress 20:33, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել որոշ ապրանքների համար արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման մեջ նշվում է, որ ժամանակավորապես սահմանափակվում է 64 բժշկական արտադրատեսակի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ։ Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

Համաձայն որոշման՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն (արտահանում, ներմուծում, տարանցում) իրականացվում է հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։ Ըստ որոշման՝ թույլատրվելու է Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան։

Պարետի որոշմանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am