Ազգային ժողովը համակարգիչներ տրամադրեց Գեղարքունիքի մարզի 42 բազմազավակ ընտանիքների

Armenpress 14:00, 3 Ապրիլ, 2020

 ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ  նախագահի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ՝ ապրիլի 3-ին  ՀՀ ԱԺ պահուստային ֆոնդի համակարգիչներից 42-ը ներկրվեց Գեղարքունիքի մարզ՝ բազմազավակ ընտանիքներին հեռավար ուսուցման մեջ ներգրավելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ներկրված   համակարգիչները  նախատեսված է տրամադրել մարզի 36 հանրակրթական դպրոցներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հատկացնեն 4 եւ ավելի   դպրոցահասակ երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ հեռավար ուսուցումը կազմակերպելու համար: Բազմազավակ ընտանիքների ցանկը մարզպետարան է ներկայացվել օրերս՝ հանրակրթական դպրոցների կողմից: Համակարգիչները բաշխեցին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության աշխատակիցները, դրանք  ստացան 36 հանրակրթական դպրոցների տնօրենները: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի տեղեկացմամբ՝  ՀՀ ԱԺ-ում նախատեսվել է առաջիկայում եւս հերթական խմբաքանակ տրամադրել մարզին: Իսկ հեռավար ուսուցման ավարտից հետո ՀՀ կառավարության որոշմամբ  այդ համակարգիչները կվերադարձվեն դպրոցներին՝ համակարգչային դասընթացների օգտագործման համար:

    Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում տեխնիկական միջոցների անհրաժեշտություն ունի 1116 բազմազավակ ընտանիք, որոնցից 113-ը ունեն 4 եւ ավելի դպրոցահասակ երեխաներ: Նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի մի քանի փուլով բավարարել մարզում առկա  պահանջարկը: Այս մասին նշեցին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am