Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նվիրված նիստ Գեղարքունիքում

Armenpress 16:55, 1 Ապրիլ, 2020

ԳԱՎԱՌ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրավիրեց կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական նիստը, որին մասնակցում էին նաեւ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային թիմի անդամները ներկայացրեցին իրենց համակարգման ոլորտներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ մանրամասներ: Զեկուցվեց, որ մարզում ընթացքի մեջ է գտնվում պարեն հավաքելու եւ անապահով ընտանիքներին տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները, մարզի բոլոր համայնքների մուտքերի մոտ ՏԻՄ-երի ներկայացուցիչների կողմից իրականացվում են հսկողություններ՝ քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժերի նկատմամբ: Նշվեց նաեւ, որ ապրիլի 1-ի դրությամբ արտերկրից եւ Երեւան քաղաքից մարզ ժամանած 314 ինքնամեկուսացած քաղաքացիներից 14-ը դուրս են եկել ինքնամեկուսացումից եւ առողջական որեւէ խնդիր չունեն, իսկ գրանցված մի քանի ջերմող հիվանդների մոտ վիրուսի հետ կապված ախտանշաններ չեն հայտնաբերվել: «Ինչպես գիտենք, այս պահի դրությամբ Գեղարքունիքը միակ մարզն է, որտեղ կորոնավիրուսի դեպքեր չկան արձանագրված: Սակայն այս իրավիճակում ես երկու անհանգստացնող հանգամանք եմ տեսնում. նախ՝ այս իրավիճակը մարզի բնակչությանը պետք է թույլ չտա, որպեսզի իրենց ապահովագրված զգան, պետք է խստագույնս պահեն պարետատան ցուցումները, եւ երկրորդ՝ որ հարեւան մարզերից ակտիվ է քաղաքացիների հոսքը դեպի Գեղարքունիքի մարզ, ինչը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ՝ վարակի տարածման առումով: Իրավիճակը վերահսկելիության սահմաններում պահելու նպատակով հարկավոր է ուժեղացնել համագործակցությունը ՏԻՄ-երի եւ համայնքներում գործող բուժկետերի միջեւ, քանզի դրա միջոցով ավելի հստակ կարտացոլվի միջմարզային եւ ներհամայնքային ներքին տեղաշարժի պատկերը»,- նշեց Գնել Սանոսյանը: Այնուհետև Գեղարքունիքի մարզպետն անդրադարձավ Պարետի նոր ցուցումով իրականացվող միջոցառումներին, ըստ որի՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Ըստ մարզպետի՝ սահմանված ժամից սկսած, վերահսկողությունը մարզի յոթ հսկիչ անցակետերում առավել խստացված կլինի:

Խոսրով Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am