Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցն արդեն ունի նորացված ճաշարան եւ խոհանոց

Armenpress 14:49, 1 Ապրիլ, 2020

ԳԱՎԱՌ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն այսուհետ «Դպրոցական սնունդ» ծրագրից կօգտվեն հիմնանորոգված ճաշարանի  եւ խոհանոցի տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանը,  ճաշարանի եւ խոհանոցի վերանոգման համար շինանյութի տեսքով հիմնական օժանդակությունը տրամադրվել է ՄԱԿ-ի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, մնացած շինանյութերի եւ կատարված աշխատանքների ամբողջ ծախսը, որը կազմել է շուրջ 800 000 դրամ, տրամադրել է  համագյուղացի Անդրանիկ Միհրանյանը։ «Շինարարական աշխատանքներն իրականացրին մեր աշակերտների ծնողները՝ դրանք կատարելով ավելի մատչելի գներով: Իսկ մինչ այս  միասնական ու սրտացավ աշխատանքի արդյունքում ունեցած ձեռքբերումը մենք ունեինք շատ անմխիթար վիճակ։ Աշակերտները սնվում էին անբարեկարգ, սանիտարական բավարար պայմաններ չապահովող տարածքում: Իսկ հիմա, շնորհիվ մարդկանց բարի կամքի եւ մեր միասնական ջանքերի, մեր աշակերտները կսնվեն միանգամայն մաքուր ու բարեկարգ տարածքում: Մեր մանկավարժական կոլեկտիվը, աշակերտները եւ ծնողները իրենց երախտագիտությունն են հայտնում նրանց, որոնց ջանքերով հաջողվեց իրականություն դարձնել այս կարեւոր ձեռնարկը»,-նշեց դպրոցի տնօրենը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am