Կորոնավիրուսով վարակված ևս 1 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք

Armenpress 22:01, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մեկ քաղաքացի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով քաղաքացիներին դուրս են բերել ծանր վիճակից: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին»,– գրել է Նիկողոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս 10 օրով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am