Փոխվարչապետ Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության աջակցության ծրագրերը

Armenpress 21:09, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ մարտի 31-ին կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները և առաջարկել միավորել ջանքերը դրանք ավելի արդյունավետ և թիրախային դարձնելու համար: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել է միջազգային գործընկերների աշխատանքների համակարգման գործընթացը և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու աջակցել ՀՀ կառավարության ջանքերին՝  ուղղված կորոնավիրուսային հիվանդության տարածմանը: Քննարկման ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացնող հակահամաճարակային միջոցառումները: Միջազգային մի շարք գործընկերներ ներկայացրել են առկա իրավիճակում իրենց կազմակերպությունների արագ արձագանքնման աջակցության գործիքակազմն ու հնարավորությունները: Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և կառավարության անունից շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս կարևոր փուլում Հայաստանի կողքին լինելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am